Տավուշը դարձնենք դրախտավայր` համահայկական ուժերով. Բագրատ Սրբազանի լույս սփռող հարցազրույցը

22 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 7 ամիս է`Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը պաշտոնապես ստանձնել է Տավուշի թեմի առաջնորդությունը և տարբեր կազմակերպությունների, Հայաստանից ու դրա սահմաններից դուրս գտնվող անհատների, տեղի բնակիչների ուժերով իրագործել և իրագործում է մեկ տասնյակից ավելի ծրագրեր: Թեմի առաջնորդը երազում է Տավուշի, ինչպես հիմա են ասում, Հույսի աշխարհի՝ Տահույսի, սահմաններից հեռու լինեն չարն ու ատելությունը, պատերազմն ու տագնապը, այն տեսնել խաղաղության, բարիքի, հավատքի, սիրո և արարման անգերազանցելի մի ամբողջություն:

«Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ:

-Սրբազան, Դուք արդեն 7 ամիս է պաշտոնապես ստանձնել եք Տավուշի թեմի առաջնորդի պաշտոնը (ասում եմ պաշտոնապես, քանի որ դրանից առաջ էլ Ձեր ուշադրության կենտրոնում է եղել տավուշցին՝ իր խնդիրներով): Այս կարճ ժամանակահատվածում ի՞նչ ծրագրեր է հասցրել իրականացնել թեմը, և առաջիկայում ի՞նչ նոր նախագծեր են սպասվում:

-Նախ ասեմ, որ ինձ համար չափազանց մեծ պատիվ է լինել Տավուշի թեմի առաջնորդը և ծառայել մեր հիասքանչ ժողովրդին: Ինչպես հայտարարել էի իմ պաշտոնակալության օրը, նախ նպատակ ենք դրել այցելել բոլոր համայնքներն անխտիր և այս ընթացքում հասցրել եմ լինել 50 համայնքներում՝ գյուղական և քաղաքային, ծանոթանալու իմ ժողովրդի հետ և դիմագրավող մարտահրավերներին՝ հատկապես հոգևոր առումով: Մեր գործունեությունը բաժանել ենք երեք ուղղությունների՝ հոգևոր, մշակութային, սոցիալական: Շատ արագ ասեմ:

1. Կյանքի ենք կոչել և կոչում մեր ամենակարևոր և առաջնային «1 համայնք, 1 դպրոց» ծրագիրը` նպատակ ունենալով երեք տարվա ընթացքում ունենալ 70 կիրակնօրյա դպրոցներ: Այս տարի Աստծու կամոք և մեր անհատ բարերարների ու կազմակերպությունների աջակցությամբ նրանցից 31-ը կբացվեն բոլոր շրջաններում:Արդեն իսկ ստեղծել ենք քրիստոնեական դաստիարակության կենտրոնը:

2. Այս իմաստով կարևորում ենք ուսուցիչների վերապատրաստությունը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել, և նախատեսված 50-ի փոխարեն շուրջ 80 հոգի է մասնակցում: Նպատակն է երկու տարվա ընթացքում 200 ուսուցիչ պատրաստել, ովքեր, ուսուցչություն անելուց բացի, կլինեն նաև համայնքներում հոգևոր հովիվների օգնականներն ու անմիջական աջակիցները:

3. Օրերս ավարտեցինք մեր երեցկանանց և իրենց օգնական ուսուցիչների համար նախատեսված վերապատրաստման «Լույս Մանկանց» ծրագիրը՝ «Դանիական-Հայկական» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ և շուտով կսկսենք դասավանդումները կիրակնօրյա դպրոցներում:

Այս ծրագրերին աջակցում են Հայ օգնության ֆոնդը, World Vision-ի Հայաստանյան գրասենյակը, անհատ բարերարներ և կազմակերպություններ Հայաստանից և սփյուռքից:

4. Այս ամիս կսկսենք նաև «Արևիկ» սոցիալական ցերեկային կենտրոնի ծրագիրը (ԵՀԽ «Կլոր սեղան», «Թուֆենկյան» և «Հայ դպրոց» հիմնադրամների և Տավուշի «World Vision» տարածքային գրասենյակի աջակցությամբ ) շուրջ 50 երեխայի համար Իջևան քաղաքում, որի հաջողության դեպքում կտարածենք բոլոր համայնքներում՝ որպես կիրակնօրյա դպրոցներին կից կառույցներ:

5. Ստեղծել ենք Հայ Եկեղեցասիրաց երիտասարդաց կենտրոնական խորհուրդը, նաև կամ զորացրել, կամ ստեղծել ենք տեղական համայնքային երիտասարդաց միություններ՝ մեր հոգևոր հովիվների խնամքի ներքո: Մեր նպատակն է մեր երիտասարդների հետ յուրաքանչյուր գյուղում և համայնքում ստեղծել երիտասարդաց միություններ, և, հուսանք, կհաջողվի: Ցանկությունն ու սպասումն առկա են, մնում է քայլ առ քայլ և հետևողականորեն իրագործել:

6. Իջևանում ստեղծել ենք մանկական երգչախումբ Երևանից ժամանող Քրիստինե Շերոյանի ղեկավարությամբ՝ շուրջ 40 երեխայի մասնակցությամբ: Մեր նպատակն է նախ քաղաք առ քաղաք հիմնել մանկական երգչախմբեր, ապա նաև տարածել գյուղական համայնքներում` հիմնականում նաև մեր կիրակնօրյա դպրոցների միջոցով:

7. Մեր նորաստեղծ սոցիալական կենտրոնն աջակցել է սահմանապահ Չորաթան գյուղի ջրագծի ավարտման աշխատանքներին, Բերքաբեր գյուղին անվճար տրամադրել է մինի-տրակտոր, աջակցել է Նոյեմբերյանի երիտասարդաց կարպետագործության և շախմատի խմբակների կազմավորմանը, աջակցություն է ցուցաբերել հարյուրավոր մարդկանց՝ արագ արձագանքելով յուրաքանչյուրի խնդիրներին և կարիքներին: Առանց չափազանցության ասեմ, որ չի եղել որևէ մեկը, որ դիմել է մեզ և որևէ տեսքով աջակցություն չի ստացել:

8. Մեր մեծագույն աննախադեպ ծրագիրը Հայոց Հայրապետի օրհնությամբ իրականացված Սուրբ Ծննդյան ծրագիրն էր, որի ընթացքում այցելեցինք 32 սահմանամերձ և սահմանապահ համայնքներ: 6000 աշակերտ-ուսուցիչների Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան նվերներով հայտնեցինք մեր շնորհակալությունը, որը շուրջ 10-օրյա այցելություններից հետո ամփոփվեց Իջևանում՝ աննախադեպ համերգային ծրագրով Դավիթ Ամալյանի գլխավորությամբ:

Անշուշտ, այս բոլորը ես միայնակ չեմ արել, այլ մեր հոգևորականների և աշխարհական անդամների և կազմակերպությունների նվիրյալ աջակցությամբ և մասնակցությամբ: Վերոնշյալ ծրագրին մասնակցել են Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակը, ԵՀԽ «Կլոր սեղան» և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամները, «Կարաս» ազգային սննդի ցանցը, Տավուշի «World Vision» տարածքային գրասենյակը, Ռաֆֆի Քյոհնելյանը (Մոնրեալ), պատգամավոր Հակոբ Հակոբյանը և շատ անհատներ Հայաստանից և հատկապես սփյուռքից:

9. Մեր մյուս կարևորագույն ծրագիրը լինելու է 2016 թ. աշնանից մինչև 2017 թվականը ամբողջ տարին մեր բոլոր համայնքներում մկրտության խորհուրդը կատարելով: Հազարավոր մարդիկ մկրտված չեն, որոնք փափագ են հայտնել մկրտվելու: Մինչև մայիս տեղի կունենա ցուցակագրումը համայնք առ համայնք` բոլոր մկրտվել ցանկացողների անուններով: Մայիս-հունիսին կլինի պատրաստության և կրթության խորհրդի բացատրությունների դասավանդման շրջան, ապա, պատրաստ լինելու դեպքում, սեպտեմբեր-հոկտեմբերից կսկսենք այս մեծածավալ ծրագիրը:

10. Չեմ ուզում շատ խոսել, բայց իմ երազն է եղել ստեղծել հոգևոր-վերականգնողական կենտրոն մեր վանական ավանդության համաձայն՝ աղոթքով և աշխատանքով և, բնականաբար, նաև բժշկական հսկողությամբ՝ հատկապես քաղցկեղից և այլ հիվանդություններից վերականգնվողների և նաև հոգևոր տագնապներ և ճգնաժամեր ունեցողների համար: Տեղանքն ի վերջո գտել եմ, հիմա փորձում ենք հովանավորներ գտնել, ովքեր կնպաստեն այս չափազանց կարևոր և խիստ անհրաժեշտ ծրագրի իրագործմանը:

11. Նաև ծրագրում ենք մեր սեփական ճամբարն ունենալ հատկապես սահմանապահ, ազատամարտիկների և անապահով ընտանիքների երեխաների համար, դարձյալ մանրամասնություններ չեմ կարող հրապարակել, բայց աշխատանքներն ընթացքի մեջ են:

12. Մի քանի անհատ բարերարների և կազմակերպությունների հետ բանակցություններ ենք վարում անապահով ընտանիքների տնաշինության ծրագրի իրագործման իմաստով, հավանաբար շատ շուտով նաև այս ծրագրի մեկնարկը կտրվի:

13. Ստեղծել ենք տեղեկատվական կենտրոն, իսկ շատ շուտով կյանքի կկոչվի մեր կայքէջը, արդեն իսկ մեր երիտասարդները շատ ակտիվ են սոցիալական հարթակներում և դեռ ավելիին ենք սպասում: Հեռուստատեսային քարոզների շարք ենք սկսել «Աստվածաշունչը մեր կյանքում» խորագրով` համագործակցելով Իջևան ՀԸ-ի հետ:

14. Լայնորեն համագործակցում ենք թե՛ տեղական, և թե՛ հանրապետական հասարակական և կրթական կազմակերպությոնների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ Իջևանի ԵՊՀ մասնաճյուղի, «Հայրենիքի դարպասներ», «Աջակցենք սահմանապահ բնակավայրերին», «Սահման», «Հույսի կամուրջ» ՀԿ-ի, տեղական World Vision, ՀՕՖ և բազմաթիվ այլ միավորների հետ, ովքեր ապրում են Տավուշի կյանքով: Դուք միայն աղոթք արեք մեզ համար, որպեսզի մեր Տիրոջ օրհնությունը ուղեկից, օգնական և ապավեն լինի մեզ:

-Ձեր հոգևոր առաքելության ամենակարևոր տեղում մեր սահմաններն անառիկ պահող հայ զինվորներն են: Անընդհատ կազմակերպում եք այցեր դեպի զորամասեր: Գիտեմ նաև, որ Սուրբ Հարության տոնի ավետիսն եք փոխանցում դիրքապահ զինվորներին: Կներկայացնե՞ք այցելության մանրամասները:

-Ինչպես մեր զինվորը, այնպես էլ մեր հպարտ ու հերոսական սահմանապահ ժողովուրդը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Մենք երբեք օգնելու պատրանք չենք ստեղծում, դա մեր պատասխանատվությունն է: Ինչպես բազմիցս ասել եմ, մենք ապրում ենք նրանց կյանքի հաշվին և պարտավոր ենք նաև նրանց հանդեպ պատասխանատվության զգացումով ապրել: Մենք սերտորեն համագործակցում ենք ՀՀ ԶՈւ մեր առաջնորդության հետ և, այո, Սուրբ Հարության այս տոներին շատ շուտով այցելելու ենք բոլոր սահմանային մարտական դիրքերը մեր հոգևորականների և երիտասարդների հետ՝ հատուկ զատկական սեղաններով շնորհավորելու մեր քաջամարտիկներին և Հարության Հաղթանակած ավետիսը փոխանցելու հաղթանակած հայ դիրքապահ զինվորին: Գնալու ենք նրանց ձեռքն ու ճակատը համբուրելու, շնորհակալություն հայտնելու, աղոթելու իրենց խաղաղ և անփորձանք ծառայության և մեր հայրենիքի սահմանների անվտանգության համար: Այսքանն՝ առայժմ, մնացածն իր ժամանակին:

-Դուք շեշտում եք, որ տավուշցիները այլ շրջանների բնակիչներին չեն զիջում իրենց հավատով, իսկ որակումները, իբրև թե նրանք պակաս հավատավոր են, կարծրատիպեր են: Այնուամենայնիվ, հոգևոր առաքելություն իրականացնելիս ի՞նչ խնդիրների եք հանդիպում:

-Տավուշցին բացառիկ, բարձր նկարագրով հայության իսկատիպ էությամբ ժողովուրդ է՝ օժտված քրիստոնեական բոլոր առաքինություններով, և մեզ պատիվ ու երջանկություն է ծառայելու և ծառայելու: Չեմ չափազանցում, բայց այս առումով խնդիրներ գրեթե չկան, ժողովրդի ակնկալիքը շատ մեծ է մեզանից՝ հոգևորականներից, մենք էլ մեր բոլոր ջանքերով և Աստծու օրհնությամբ պիտի փորձենք չհուսախաբեցնել նրան: Մենք նաև հոգևորականների պակաս ունենք, ինչն էլ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ կամաց-կամաց կկարգավորվի: Արդեն իսկ մեզ են միացել երկու նորընծա քահանաներ Մակարավանքի և հարակից գյուղերի, Գոշավանքի և հարակից գյուղերի հովվության համար:

-Սրբազան, Հաղարծնի վանական համալիրի շրջակայքում ավտոկայանատեղիի հիմնումը տարընկալումների տեղիք տվեց: Դուք, իհարկե, ներկայացրել եք թեմի դիրքորոշումը, ի՞նչ եք կարծում այն հասա՞վ հասցեատերերին:

-Անկեղծորեն չգիտեմ կհասնի թե ոչ, երևի կհասնի, եթե, իհարկե, չփորձեն միտումնավոր ականջները փակել: Ավտոկայանատեղի ունենալ չունենալու հարցն ինձ համար փակված է, սպասարկման և ծառայությունների բարելավման վերաբերյալ առաջարկներին ու քննադատություններին միշտ բաց ենք և պատրաստ ենք լսելու և, բնականաբար, կիրառելու: Մեզ և բոլոր բարին մտածող մարդկանց համար սա բարեկարգում, բարելավում է, իսկ ոմանց համար «դարի հանցագործություն» ու «կենաց մահու» մարտադաշտ: Մարդիկ, հավանաբար, չեն կարողանում պատկերացնել, թե մենք նյութական ինչ ահռելի ռիսկերի ենք գնացել և պատասխանատվության տակ մտել սոսկ իրենց կյանքը դյուրացնելու համար: Բոլոր հնարավոր միջոցները ներդրվել են և ներդրվելու են պայմանների բարելավման նպատակով: Սա լոկ ավտոկայանատեղի է` բարեկարգված տարբերակով, ոչ մեկի առջև ոչ վանքի դուռ է փակվել, ոչ էլ Աստծո: Իմիջիայլոց, այս քայլը, դժգոհություն առաջացնելուց բացի, նաև բազմաթիվ մարդկանց դրական գնահատականին է արժանացել: Ցավում եմ, որ մենք խելամիտ չենք գտնվել արձանագրելու թե՛ վթարների, թե՛ գողությունների մասին նախկինում տեղի ունեցած դեպքերը, որպեսզի առավել փաստարկեինք իրենց իսկ օգուտը: Ընդունում եմ՝ դա մեր թերացումն էր: Եվ կրկին ասում եմ`ես չեմ քաշվում իմ հարազատ ժողովրդին բացատրություններ տալուց. դա մեր պարտքն է և հանրային գիտակցությունը , բնականաբար, ինձ օտար էլ չեմ զգում: Խաղաղությամբ էլ ընդունում եմ բոլոր քննադատությունները, իմ ժողովուրդն է, և ես կոչված եմ իրեն ծառայելու: Հավելյալ ասեմ, որ ամեն դեպքում աշխատատեղ է ստեղծված, և սպասարկման աշխատողներն էլ տեղի գյուղական համայնքների բնակիչներն են: Վստահ եմ, որոշ ժամանակ անց նույն մարդիկ շնորհակալություն են հայտնելու նման սպասարկման համար, եթե, իհարկե, քաջություն ունենան:

-Կրկին Հաղարծնի մասին. մեկ այլ ծրագիր ունեք, որով Հաղարծնի տարածքում նախատեսվում է մուրաբաների, անուշահոտ բալասանի, հացի արտադրություն հիմել, ինչն ուղղված կլինի տավուշցիների տնտեսական ակտիվության զարգացմանը: Կմանրամասնե՞ք:

-Թեպետ դեռ վաղ է, բայց ասեմ, որ վանքի ստորին հատվածը մաքրվել է ահռելի աղբից և բարեկարգման աշխատանքներ են ընթանում յուրահատուկ հանգստի գոտի ստեղծելու նպատակով: Անցյալ տարի սեպտեմբերից փորձնական «Վանքի անուշ» անունով մուրաբաների և մեղրի ծրագիրը փորձեցինք իրագործել՝ շատ փոքր քանակով, սակայն ի զարմանս մեզ`բացառիկ դրական ընդունելություն է գտել այցելուների կողմից: Ծրագիրը մի քանի նպատակ է հետապնդում.

ա) զարգացնել թե՛ մեր սեփական, և թե՛ Տավուշի մեղրի արտադրությունը. այս ուղղությամբ համագործակցում ենք նաև «Սահման» ՀԿ-ի հետ,

բ) մուրաբաների հումքը ձեռք է բերվում հատկապես սահմանապահ շրջանի մեր գյուղացիներից (օրինակ՝ հոնը ձեռք ենք բերել Մովսեսից, թուզը՝ Վազաշենից և այլն),

գ) զբոսաշրջիկներին նաև ցուցադրել դասական ավանդական եղանակով պատրաստվող հայկական անուշեղենը,

դ) եկամտի պարագային այն ուղղել մեր հատկապես սոցիալական, բարեգործական և քարոզչական ծրագրերի զորացմանը:

Այս ճանապարհով մենք փորձելու ենք մեր սակավ և սահմանափակ միջոցներով նպաստել մեր հատկապես սահմանապահ գյուղացիների տնտեսական կյանքի զարգացմանը: Նույնիսկ մեծ օժանդակության առաջարկ ենք ստացել ԵՀԽ «Կլոր սեղան» հիմնադրամի և նաև այլ բարեգործական կազմակերպությունների կողմից արտադրության ծավալները մեծացնելու և, բնականաբար, էլ ավելի մեծ նպաստ բերելու առումով, որի համար շնորհակալ ենք: Արդեն իսկ կան մարդիկ, իմիջիայլոց դարձյալ մեր սահմանապահ գյուղերից մեկից, շատ բանիմաց ու ակտիվ երիտասարդներ, որոնք կզբաղվեն այս գործունեությամբ` որպես կառավարիչ, տեխնոլոգ, պատրաստողներ, կզբաղվեն լիցենզավորման հարցերով և բոլոր պահանջված օրինական չափանիշներով ավելի մասնագիտական և պահանջված մակարդակի հասցնելով՝ հավանաբար մոտ 5 կամ 6 հոգի կաշխատեն այս հարցերով: Մեզ համար պայման է, որ բերքը ձեռք բերվի մեր սահմանապահ գյուղերից` նույնիսկ առանց սակարկության:

Երկրորդ ծրագիրը, մեր հին ավանդության համաձայն, յուղերի և այլ նյութերի ստեղծումն է՝ բացառապես Հաղարծնի համար, ինչի նպատակով համագործակցում ենք Մատենադարանի գիտաշխատող Արմեն Սահակյանի հետ: Ստեղծում ենք մի սքանչելի ծաղկադաշտ տարածք՝ բազմատեսակ ծաղիկներով, որոնցից էլ պատրաստվելու են այդ նյութերը՝ համաձայն մեր պատմական աղբյուրների և ավանդության:

Երրորդը կաթնահունց տեղական յուրահատուկ հաց/գաթայի թոնրատունն է, որը անկեղծ ասած` իրականացնում ենք բազմաթիվ այցելուների ուղղակի պահանջով: Մարդիկ նույնիսկ Երևանից են գալիս նման պահանջով: Այստեղ էլ նվազագույնը 4 հոգի են աշխատելու հենց Թեղուտ գյուղից: Փաստորեն, հրաշալի հոգևոր և մշակութային պայմաններից բացի, մենք բազմաշերտ գործունեություն ենք ծավալելու դեռ միայն Հաղարծին վանքի միջոցով, որը ինչպես ժամանակին էր, կնպաստի նաև տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, նաև աշխատանքների ու աշխատատեղերի ստեղծմանը:

Բազմաթիվ այլ ծրագրեր կան, օրինակ՝ հատուկ հուշանվերների պատրաստությունը` խթանելով տեղական արհեստագործների և արվեստագետների աշխատանքները, որոնց մասին դեռ անդրադարձ անելու կարիք չկա: Լինելու ժամանակ կիմանաք (ծիծաղում է):

Ի մտի ունենալով, որ Հաղարծնի վանական համալիրը բարձրագույն համալսարան-դպրոց է եղել և մեր կարևոր կրթական կենտրոններից, այս իմաստով կազմակերպելու ենք «Հաղարծնի շաբաթ» ծրագիրը, որը տեղի է ունենալու օգոստոս 15-21-ին: Բացառիկ հոգևոր մշակութային ծրագիր է լինելու` խոկումներով, աղոթքներով և մշակութային միջոցառումներով, և բոլորին հրավիրում եմ մասնակցելու: Բազմաթիվ բանակցություններ են վարվում տարբեր խմբերի և անհատների հետ կազմակերպչական իմաստով: Մանրամասնությունները շուտով կհրապարակվեն:

-Ի՞նչ փուլում են գտնվում Տավուշի ոչ բարվոք վիճակում գտնվող վանքերի ու վանական համալիրների վերանորոգման աշխատանքները:

-Թեպետ Մշակույթի նախարարությունը որոշակի միջոցներ է տրամադրում զանազան վանական համալիրների վերականգման համար, սակայն դրանք հասկանալիորեն բավարար չեն: Մենք առաջնային նպատակ ենք դրել այս փուլում վերանորոգել Մակարավանքը և Գոշավանքը, ինչի համար մեծ գլոբալ զարգացման ծրագիր ենք կազմել՝ ներառելով նաև համայնքային զարգացումը: Ներկայացրել ենք տարբեր մարմինների, ապագայում կներկայացնենք նաև հետաքրքրվող անհատների և կազմակերպությունների: Աստծո կամքով, վստահ եմ, շատ շուտով իրենց բարի պտուղները կտան: Ոչ բարվոք վիճակում գտնվող մյուս բոլոր վանքերը փորձում ենք գոնե տարածքի մաքրությամբ, սալահատակների բարեկարգմամբ, ցուցանակների զետեղմամբ և այլ միջոցներով խնամել՝ մինչև կկարողանանք նրանք ևս բարեկարգել: Մենք սքանչելի վանքեր ու վանական համալիրներ ունենք, որոնք պարզապես պարտավոր ենք վերականգնել: Մեր խնդրանքն է բոլոր նրանց, ովքեր, բացի կապույտ էկրանի առջևում նստած հերոսանալուց և քարեր նետելուց, շատ հաճախ առանց հետաքրքրված իսկ լինելու, մոտենան և գործ ձեռնարկեն, միասին կարողանանք այս ամենը կյանքի կոչել:

-Սրբազան, ինչպիսի՞ն եք ուզում տեսել Տավուշը մի քանի տարի հետո: Ձեր երազանքների Տավուշն ինչպիսի՞ն է:

-Բարդ հարց եք տալիս, միաժամանակ շատ դյուրին պատասխանելի… Կասեմ. այնպես, ինչպես տավուշցին է, ինչպես հիմա ենք ասում Հույսի աշխարհ՝ Տահույս, օրինակելի և հավատքի ու հայրենիքի վկայական կյանքով ապրող մի աշխարհ, որի սահմաններից հեռու կլինեն չարն ու ատելությունը, պատերազմն ու տագնապը, այլ կլինի խաղաղության, բարիքի, հավատքի, սիրո և արարման անգերազանցելի մի ամբողջություն:

-Սրբազան, վերջերս մի քարոզի ժամանակ ասացիք, որ հոգևոր կյանքի «սպառող» լինելուց պետք է դառնանք հոգևոր կյանքի «արտադրող»: Ի՞նչ նկատի ունեք, ինչպե՞ս կարելի է դա անել:

-Դժբախտաբար, դարաշրջանի ոգուն համապատասխան, քրիստոնյաներս էլ հոգևոր կյանքում ենք դառնում սպառող՝ սահմանափակվելով միայն մեր սեփական անձի սահմաններում կամ եկեղեցու պատերից ներս մեր հոգևոր պահանջների բավարարմամբ: Մինչդեռ մեր հայրերը շեշտում են, որ կարևոր է նաև և հատկապես «Պատարագից հետո պատարագը»՝ այսինքն` քրիստոնյայի թե՛ վարքը, թե՛ քարոզչությունը` անկախ նրա հոգևոր աստիճանից ու կարգից: Մենք պիտի լինենք փողոցներում, հրապարակներում, շուկայում, խնամատարական կենտրոններում, դպրոցում, սահմանին, զինվորի կողքին, ամենուր`վկայելով մեր հավատքի ճշմարտության մասին՝ առանց ամաչելու և երկյուղելու, որովհետև հավատում ենք Ճշմարտությանը: Այդ ժամանակ հոգևոր սպառողից կդառնանք արտադրող:

-Ունե՞ք ավելացնելու կամ պատգամելու որևէ այլ բան:

-Այս օրերը հաղթանակի և մեր Տիրոջ Հարության օրերն են, և հռչակում ենք` ասելով «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Այս հայտարարությունը մեր կյանքի, մեր գործողությունների և գործունեության առանցքն է, մղիչ ուժը, գիտակցությունը: Հատկապես Տավուշ-Տահույս աշխարհում այն կենսակերպ է, նկարագիր ու էություն: Այդ պատճառով էլ մենք միշտ կրկնում ենք. Հայաստանը հրաշալի է, Տավուշս՝ բացառիկ…և դա կարող ես անել միայն դու: Մենք առաջին իսկ օրն ասել ենք, որ մենք Քրիստոսին տանելու ենք յուրաքանչյուր տավուշցու տուն և այդ ճանապարհով ենք քայլում ու ընթանում:

Շնորհակալություն Ձեզ այս ծավալուն հարցազրույցի և հարթակ տրամադրելու համար:

Անի Նազարյան

Հայերեն Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ