Կարծիքներ

Թուրքիան ցանկանում է սեփական ազդեցությունն ունենալ մեծ Միջին Արևելքում. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

Թուրքիան ցանկանում է սեփական ազդեցությունն ունենալ մեծ Միջին Արևելքում. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական իշխանությունները երկրում տեղի ունեցող ահաբեկչական գործողություններն օգտագործելու են սիրիական գործընթացներում սեփական ներգարվվածությունն ավելացնելու համար:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

«Թուրքիան ցանկանում է սեփական ազդեցությունն ունենալ մեծ Միջին Արևելքում: Ներկայում նա ունի լուրջ խնդիրներ հարևան բոլոր պետություների հետ: Դրանից բացի, տարածաշրջանում ավելի ու ավելի է ակտիվանում Իրանը` մրցակից դառնալով Թուրքիային: Տեսնում ենք, որ կան լուրջ խնդիրներ քրդերի հետ: Եվ ահա Թուրքիան ճանապարհներ է փնտրում, ամեն գնով փորձում է իր ազդեցությունը մեծացնել: Մասնավորապես, փորձում է կանխել ժնևյան բանակցային գործընթացում քրդական ներկայացուցչության մասնակցությունը»,-ասաց Ալեքսանդր Մարգարովը:

Քաղաքագետի խոսքով, Թուրքիան, մտնելով այս նեոօսմանական զարգացման փուլ, ինչ-որ տեղ տարածաշրջանում սեփական ներուժը ոչ համարժեք է գնահատում: Դա կարող է հանգեցնել ոչ ճիշտ քայլերի և ոչ ցանկալի հետևանքների: Ըստ Ալեքսանդր Մարգարովի` Թուրքիան շարունակում է մնալ ահաբեկչության թիրախներից մեկը հենց իր վարած քաղաքականության հետևանքով:

«Թուրքիան շարունակել ու շարունակելու է իր օժանդակությունը «Իսլամական պետության»-ը: Թուրքական և ահաբեկչական կազմակերպությունների միջև հաղորդակցման ուղին պահպանվելու է: Կարող ենք արձանագրել, որ թուրքական իշխանությունները շարունակում են ապակայունացնել իրավիճակը թե երկրի ներսում, թե սահմաններիից դուրս»,- հավելեց քաղաքագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում