Ադրբեջանն իրականացնում է «վազելինային» դիվանագիտություն. Արման Նավասարդյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված՝ Ադրբեջանը կիրառում է «վազելինային» դիվանագիտություն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Ինչպես գիտենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, օրեր առաջ էլ ռուսական կողմը տեղեկատվություն հրապարակեց Հայաստանին տրամադրվող զենքերի վերաբերյալ: Ռուս-թուրքական հարաբերությունների սրմամբ պայմանավորված՝ Ադրբեջանը պետք է ամեն ինչ անի, որ դուրս գա դժվարին իրավիճակից` հարաբերությունները պահելով և Ռուսաստանի, և Թուրքիայի հետ: Դրանից բացի, ընտրելով «վազելինային» դիվանագիտութունը՝ Ադրբեջանը շրջվեց դեպի Իրան»,-ասաց Արման Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան կորցնում է իր ուժը, դիրքերը, ամբողջ միջազգային ասպարեզում վարկաբեկվում է: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիայի պաշտպանության վրա այլևս չի կարող հույս դնել:
«Ադրբեջանը, վախենալով ուժեղ խաղացողից` Իրանից, որը մտնում է տարածաշրջան, փորձում է ջերմացնել նրա հետ հարաբերությունները: Բաքուն վախենում է Իրանից, և փորձում է այնքան մոտենալ, որ իրեն վտանգ չսպառնա: Որքան էլ Բաքուն ու Թեհրանը պայմանագրեր կնքեն, երկաթուղային ցանցը միացնեն, միևնույն է, բոլոր դեպքերում նրանք խորքում մնում են ոչ բարեկամ պետություններ»,-հավելեց դեսպանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 23-ին ներկայացուցչական կազմով այցելել էր Իրան: Ստորագրվել են տնտեսական տարբեր հարցերին, այդ թվում՝ երկաթուղային ցանցին վերաբերող մի շարք պայմանագրեր: