Մշակույթ

Արվեստագետներից ոչ ոք ցմահ չի կարող կապված լինել ինչ-որ տեղի. Ռուբեն Բաբայան

2 րոպեի ընթերցում

Արվեստագետներից ոչ ոք ցմահ չի կարող կապված լինել ինչ-որ տեղի. Ռուբեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոսելով մշակութային օջախներում կադրային նոր նշանակումների և ազատումների մասին՝ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նշեց, որ յուրաքանչյուր որոշման հիմքում անհրաժեշտ է հստակ գեղարվեստական տրամաբանություն: Հանուն ինչի է կայացվում այդ որոշումը: Եթե որոշումը կայացվում է ինչ- որ մարդկանց ամբիցիաները բավարարելու համար, ապա բազմաթիվ հարցականներ են կախված մնում օդի մեջ: Ամեն դեպքում ցանկացած որոշում կայացնելուց առաջ նախ պետք է մտածել հետևանքների մասին:

«Արվեստագետներից ոչ ոք ցմահ չի կարող կապված լինել ինչ- որ տեղի, դա անգամ անհրաժեշտ չէ» - ասաց Ռուբեն Բաբայանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաբայանը ներկայացրեց 2015 թվականին թատրոնի կատարած աշխատանքների և շրջագայությունների ամփոփումը:

«2015 թվականին Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը տոնեց իր 80-ամյակը, տարին բավականին հագեցած էր մեզ համար: Բեմադրեցինք վեց նոր ներկայացումներ և մասնակցեցինք ինը տարբեր փառատոնների: Տարբեր տիկնիկային, դրամատիկական, մանկական և բալետային ներկայացումներով հանդես եկանք Սախալինից մինչև Գերմանիա: Ողջունելի է այն փաստը, որ հիմնականում աշխատում էին երտասարդները: Անցյալ տարի տաղանդավոր դերասանուհի Տաթևիկ Մելքոնյանը ունեցավ իր առաջին ռեժիսորական դեբյուտը, խորեոգրաֆ Աիդա Սիմոնը և բալետի դերասան Էմիլ Ներսիսյանը Գերմանիայում ներկայացրեցին «Շամիրամ» ներկայացումը: Շրջագայությունների ընթացքում ցուցադրվեց նաև ռեժիսոր Զարուհի Անտոնյանի «Թևավորը» բեմադրությունը:

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում այս տարի պլանավորում են բեմադրել ստվերային ներկայացում: Ներկայացման գրական հիմք է ծառայելու Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» հեքիաթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում