Կարծիքներ

Քրդերի հետ հաշիվները մաքրելու առիթ. Թուրքիան կօգտագործի ահաբեկչությունը

3 րոպեի ընթերցում

Քրդերի հետ հաշիվները մաքրելու առիթ. Թուրքիան կօգտագործի ահաբեկչությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում պետական կառույցներից ոչ շատ հեռու փետրվարի 17-ին տեղի ունեցած նոր ահաբեկչությունը իշխանությունների համար լավ հնարավորություն կդառնա ավելի կատաղի կերպով շարունակելու պայքարը քրդերի դեմ: Պատահական չէ, որ ահաբեկչությունից անմիջապես հետո երկրի հետախուզական ծառայությունները հայտարարեցին, որ կատարվածի պատասխանատուն հենց Քրդական բանվորական կուսակցությունն է (PKK), որի դեմ 2015 թվականի ամառվանից Թուրքիայի զինված ուժերը վերսկսել է ռազմական գործողությունները:

Պետք է նկատել, որ Թուրքիայի տարածքում բնակվող քրդերի համար ինքնավարության ձգտող PKK-ի կողմից երկրի մայրաքաղաքում ահաբեկչության իրականացումը դուրս է տրամաբանական գործելաոճից՝ հաշվի առնելով, որ կատարվածը կարող է միայն ապակայունացնել իրադրությունը երկրում և ուժեղացնել քրդերի նկատմամբ պետական մակարդակով իրականացվող ճնշումները:

Մյուս կողմից, սակայն, եթե ապացուցվի PKK-ի մեղավորութունն Անկարայի ահաբեկչության իրականացման հարցում, կատարվածը պետք է դիտարկել իբրև ամիսներ շարունակ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում թուրքական զինուժի կողմից իրականացվող գործողությունների պատասխանը: Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարություններով՝ վերջին ամիսներին երկրի քրդաբնակ նահանգներում իրականացվող գործողությունների շրջանակում սպանվել է ավելի քան 5 հարյուր քուրդ զինյալ: Ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ գործողությունների զոհ է դարձել ավելի քան հարյուր քուրդ քաղաքացի: Եթե ապացուցվի, որ փետրվարի 17-ին կատարվածի պատասխանատուն PKK-ն է, ապա դա պետք է համարել որպես թուրքական իշխանությունների կողմից ավելի քան կես տարի իրականացվող ռազմական գործողությունների ցավոտ պատասխան:

Թուրքիայի իշխանությունների կողմից ահաբեկչության համար անմիջապես PKK-ին պատասխանատու ճանաչելը պետք է համարել քաղաքականապես մոտիվացված որոշում՝ դիտարկելով կատարվածը թուրքական զինուժի կողմից վերջին օրերի ընթացքում Սիրիայի քրդական ուժերի դիրքերի ռմբակոծման դեպքերի համատեքստում: Թե՛ նախագահ Էրդողանը, թե՛ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախօրեին բազմիցս հայտարարել էին, որ իրենց համար PKK-ն և Սիրիայի քրդական «Ժողովրդական միություն» կուսակցությունն (PYD) ու «Ժողովրդի պաշտպանության միավորումները» (YPG) նույն ահաբեկչական կառույցներն են: Հետևաբար, մեղադրելով PKK-ին Անկարայում կատարվածի համար, պաշտոնական Անկարան ավելի վստահ կերպով կշարունակի Սիրիայի հյուսիսում քրդերի դիրքերի ռմբակոծումը՝ միջազգային հանրությանը ներկայացնելով դա որպես սեփական անվտանգությանն ուղղված սպառնալիքների և ահաբեկչության դեմ անհրաժեշտ պայքար:

Արաքս Կասյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում