4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում Թուրքիայի գործողությունները ոչ մի տրամաբանության սահմաններում չեն տեղավորվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն` անդրադառնալով Հալեպի ուղղությամբ Թուրքիայի գործողություններին:
-Պարոն Մելքոնյան, Հալեպի ուղղությամբ Թուրքիայի գործողությունները ներկա փուլում ինչո՞վ են պայմանավորված: Արդյո՞ք այդ գործողությունները Սիրիայի քրդերի վերաբերյալ ԱՄՆ պետդեպի հայտարարության հակադարձ քայլն են:
-Տարածաշրջանում Թուրքիայի գործողությունները ոչ մի տրամաբանության սահմաններում չեն տեղավորվում: Թուրքիայի նախագահը կատարում է քայլեր, որոնք սրում են առանց այդ էլ Մերձավոր Արևելքում սրված իրավիճակը: Դրանից բացի, Թուրքիայի գործողություները հակասում են այն ռազմաքաղաքական դաշինքին, ՆԱՏՕ-ին, որի անդամ է: Նա բավական դժվար խնդրի առաջ է կանգնեցնում իր ռազմավարական դաշնակիցներին, մասնավորապես, ԱՄՆ-ին: Այս քայլերով Թուրքիան արագ և անվերադարձ ուղիով գնում է իրավիճակի ծայրահեղ սրման, որը հղի է լուրջ հետևանքներով նաև հենց իր համար: Այնպես որ, Թուրքիայի քայլերը պետք է դիտարկել Էրդողանի անձնական ամբիցիաների համատեքստում: Այսօր էլ ավելի է խորանում այն տեսակետը, որ Թուրքիայի նախագահի հաշվարկային շահերը տարածաշրջանում էականորեն տարբերվում են: Էրդողանը բազմաթվ մեծ ու փոքր խնդիրներ է ստեղծել իր պետության համար: Այդ խնդիրների մի մասը դուրս են գալիս զուտ տարածաշրջանային ընկալումներից և դիտարկվում համաշխարհային շատ դժվար զարգացումներ խոստացող գործընթացների սկիզբ:
-Թուրքիայի կողմից ցամաքային լայնամասշտաբ գործողություններ իրականացնելը հավանական համարո՞ւմ եք, թե սա ավելի շատ հրադադարի հայտարարմանն ընդառաջ որոշակի դիվիդենտներ սատանալու փորձ է:
-Ցամաքային գործողությունների տարբերակն ունի այսպես ասած 50-50 հավանականություն: Եթե թուրքական իշխանություններն առաջնորդվեն զինվորականության, թուրքական բանակի ղեկավարության մարտավարական հաշվարկներով, ապա կարծում եմ, որ ցամաքային ուժերը չեն ներխուժի Սիրիայի տարածք: Հասկանալի է, որ դա կհանգեցնի լուրջ հետևանքների: Բայց եթե գերակայող լինեն Էրդողանի արկածախնդրային մոտեցումները, ապա հնարավոր է ներխուժեն Սիրիա: Դա էլ ավելի է սրելու իրավիճակը և հանգեցնելու է բավական այլ բնույթի զարգացումների: Այն, ինչ հիմա կատարվում է Սիրիայում, ինչպես նաև այդ երկիր ներխուժելու մասին Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի հայտարարությունն արժանացել են Իրանի ու Ռուսաստանի կոշտ գանահատականներին: Դրանք ռազմական գործողությունների ժամանակ կվերածվեն գործնական քայլերի:
-Թուրքական զորքերի ներխուժումը Սիրիա ի՞նչ հնարավոր վտանգ կարող է պարունակել տեղի հայերի համար:
-Թուրքական գործողությունները մեծ խաղի կոնտեքստում միշտ էլ թիրախում ունեցել են հայերին: Մենք տեսանք քեսաբի հայկական համայնքը ինչպես դարձավ թուրքական և նրա դաշնակից զինյալների թիրախը: Եթե Թուրքիան լայամասշտաբ գործողոթյուններ ծավալի Սիրիայում, ապա վստահաբար թիրախում լինելու են հայերը, հայկական ժառանգությունը, ընդհանրապես, հայկական ներկայությունը: Այժմ էլ տեղի ունեցող ռմբակծումները, որոնք Թուրքիայի տարածքից Հալեպին են ուղղված, իրենց թիրախում կարող են ունենալ հայաբնակ որոշ տարածքեր: Թուրքիայի դասական քաղաքական մեթոդներից մեկն է:
Աննա Գզիրյան