ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ֆեյսբուքյան թեստեր և խաղեր կիրառելիս ուշադիր լինել:
«Ֆեյսբուք»-ն սկսեց արագ աճել, որովհետև թույլ տվեց երրորդ կողմի կազմակերպություններին ներմուծել խաղեր, թեստեր և այլն: «Ֆեյսբուք»-ի աճի գրավականը խաղերն են եղել: Թեստերը և խաղերն ամեն անգամ երկու փուլով «Ֆեյսբուք»-ի օգտատերից թույլտվություններ են ուզում: Առաջինը` համաձա՞յն եք, որ ծրագիրը ձեր մասին տեղեկատվություն ստանա, երկրորդ դեպքում` համաձա՞յն եք, որ ծրագիրը ձեր անունից կատարի գրառումներ: Կարո՞ղ են ընթերցել ձեր նամակագրությունը, գրառումներ կատարել ձեր անունից, նամակներ ուղարկել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում փետրվարի 4-ին նշեց Սամվել Մարտիրոսյանը:
Մասնագետի խոսքով` մարդիկ դրական են արձագանքում հարցերին:
«Քանի որ մարդիկ շատ են շտապում իմանալ, թե ինչ գույնի կոկորդիլոս են, շատ արագ են անցնում փուլը: Ով ասես կարող է կանգնած լինել թեստի հետևում: Կարող է լինել 15 տարեկան երեխա, որ փող է ուզում աշխատել, կարող է լինել գաղտնի ծառայություն: Հնարավոր է` ադրբեջանական կամ թուրքական գաղտնի ծառայություն: Շատ կարևոր է կարդալ, թե ինչ թույլտվություն է ուզում ստանալ ծրագիրը»,-շեշտեց նա:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով` պետք է զգույշ լինել այն ժամանակ, երբ թեստն ինչ-որ բան է ուզում իմանալ, որը տրամաբանական չէ, կամ ինչ-որ բան, որ թաքցրել է օգտատերը, օրինակ՝ ընկերների ցանկը:
«Միշտ չպետք է շտապել, պետք է կարդալ, եթե մի բան տարօրինակ է թվում, ավելի լավ է հետ գնալ: Չեմ կարծում, որ առավել ևս ձեր ընկերներին հետաքրքիր է, թե ով եք եղել անցյալ կյանքում»,-հավելեց նա: