Կարծիքներ

Սիրիական հարցի շուրջ Ժնևում ընթացող բանակցությունները դատապարտված են տապալման. Արման Նավասարդյան

3 րոպեի ընթերցում

Սիրիական հարցի շուրջ Ժնևում ընթացող բանակցությունները դատապարտված են տապալման. Արման Նավասարդյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական հարցի շուրջ Ժնևում ընթացող բանակցություններից ակնկալիքները մեծ չեն: Տարածաշրջանային զարգացումներն այնպիսին են, որ սիրիական հարցում դրական տեղաշարժ դժվար թե լինի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Պետք է կողմերը նստեն սեղանի շուրջ, բանակցեն և գտնեն այն ճանաարհը, որով կդադարեցվի արյունահեղությունը: Ինչպես գիտենք և' «Ժնև 1»-ը, և' «Ժնև 2»-ն արդյունք չտվեցին: Այստեղ խնդիրն այն է, թե ովքեր պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ: Նախատեսված է, որ բանակցային սեղանի շուրջ պետք է նստեն պաշտոնական ուժերը, որոնք ներկայացնում են Բաշար ալ Ասադին և ընդդիմությունը: Ահա այստեղ է սկսվում ամբողջ պատմությունը, ո՞րն է ընդդիմությունը»,-ասաց Արման Նավասարդյանը:

Նա նկատեց, որ Ռուսաստանը, նույնիսկ ԱՄՆ-ն համաձայնության են եկել այն հարցի շուրջ, որ «Իսլամական Պետությունն» ու նման այլ խմբավորումները չեն կարող մասնակցել բանակցային գործընթացին: Այժմ ամբողջ խնդիրը նրանում է, որ մերձավորարևելյան զարգացումներում բոլորը կռվում են բոլորի դեմ: Մերձավոր Արևելքում այժմ գործում են մոտ 2 հազար 500 ռազմական միավորումներ, որոնց հետևում կանգնած են քաղաքական խոշոր խաղացողներ:

«Նրանք, ովքեր հայտ ներկայացրեցին մասնակցելու «Ժնև- 3» բանակցություններին, առանց չափազանցության, կարող ենք ասել, որ իրենցից ոչ ահաբեկչական, ոչ էլ ընդդիմադիր ուժեր են ներկայացնում: Սրանք չունեն կազմակերպվածություն, ղեկավարություն: Սրանք այն միավորումներն են, որոնց հավաքեց Սաուդյան Արաբիան և ուղարկեց Ժնև մի նպատակով` տապալալել բանակցությունները: Դա նման է Տրոյական ձիու պատմությանը: Ամեն ինչ անում են, որ ոչինչ չստացվի: Այդպես էլ կլինի, որովհետև այդ ուղղությամբ աշխատում են Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Կատարը: Դրանից բացի չթողեցին, որ բանակցային գործընթացին մասնակցեն քրդերը, իսկ առանց քդերի այս հարցը հնարավոր չէ լուծել»,-ավելացրեց Արման Նավասարդյանը:

Այս ամբողջ զարգացումներում ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը: Հարցին ի պատասխան՝ Արման Նավասրադյանը նշեց, որ ռազմական գործողություններն ընթանում են մեր սահմանից 280 կմ հեռավորությամբ: «Հայաստանը որպես մեծ Մերձավոր Արևելքի մասնիկ, պետք է հետաքրքված լինի և ինչ-որ ձևով իր մասնակցությունն ունենա այդ գործընթացին: Հիմնավորումն այն է, որ նախ Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է և շահագրգռված պետք է լինի, որ առկա իրավիճակում չտուժի: Դրանից բացի, դրա կողքին կա հայկական համայնքի հարցը: Այնտեղ բռնության ենթարկվող ազգային փոքրամասնություններից հայերը միակն են, որ պետություն ունեն: Մենք պետականություն ունենք և մեր ազգի մի մասն այնտեղ է: Հայաստանը պետք է հանդես գա նրանց շահերի պաշտպանության տեսանկյունից»,-եզրափակեց Արման Նավասարդյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում