Գագիկ Հարությունյանը ԵԽԽՎ-ի բանաձևերին մեծ կարևորություն չի տալիս
2 րոպեի ընթերցում
![Գագիկ Հարությունյանը ԵԽԽՎ-ի բանաձևերին մեծ կարևորություն չի տալիս](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/01/832978.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ-ի այս կամ այն տիպի բանաձևը աշխարհում մեծ նշանակություն չունի, դա հիմնականում լրատվական դաշտում է աղմուկ բարձրացնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը` ընդգծելով, որ եվրոպական բյուրոկրատիան ճգնաժամի մեջ է:
«Հենց Եվրոպայի ներսում լուրջ խնդիրներ կան` կապված կոռուպցիայի հետ: Այսօր տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ միլիարդավոր դոլարներով մի քանի հազար եվրոպական չինովնիկ է պահվում: Այնպես որ ասել, որ այդ բանաձևերը մեծ նշանակություն ունեն, ճիշտ չէ: Ինչ վերաբերում է սահմանային լարվածությանը, ապա ասեմ, որ լարվածության աճը կամ նվազումը կապված չէ այդ բանաձևերի հետ: Դա կապված է նույն Թուրքիայի, նույն Ադրբեջանի վարած քաղաքականության հետ»,-ասաց Գագիկ Հարությունյանը:
Փորձագետի կարծիքով` ամեն դեպքում այս տարի Ադրբեջանը փորձելու է իրեն համեստ պահել, ինչը կապված է ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացմամբ: Ըստ նրա` Ադրբեջանն առայժմ կփորձի իր ավագ եղբորից առաջ չանցնել:
«Եթե Ադրբեջանն ու Թուրքիան փորձեն Ռուսաստանի համար երրորդ ճակատ բացել ղարաբաղյան հատվածում, ապա կոշտ պատասխան կստանա»,-ավելացրեց Գագիկ Հարությունյանը: