Ռուս-թուրքական հարաբերությունները կարող են նորմալանալ միայն ընդհանուր շահերից ելնելով. Էդիկ Մինասյան
2 րոպեի ընթերցում
![Ռուս-թուրքական հարաբերությունները կարող են նորմալանալ միայն ընդհանուր շահերից ելնելով. Էդիկ Մինասյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/01/832522.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն առայժ ռուս-թուրքական հարաբերությունների սերտացում չի տեսնում:
«Թուրքիան սառը հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ: Էրդողանն ամեն կերպ փորձում է կարգավորել ռուս-թուրքական հարաբերությունները: Ռուսաստանի ղեկավարությունը կտրուկ քայլերով աշխատում է հեռու մնալ դրանից: Մտավախություն կա, որ հարաբերությունները կարող են հետագայում ընդհանուր շահերից ելնելով նորմալանալ: Առայժմ դրա հեռանկարը չենք տեսնում, բայց ես վախեր ունեմ: Պատմությունը ցույց է տալիս, որ շահերի ընդհանրության դեպքում երբեմն ոտնահարվում են ազգային փոքրամասնությունների շահերը: Մեծ տերություններն իրենց քաղաքական խնդիրների համար պատրաստ են զոհաբերություններ անել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`լրագրողների հետ զրույցում նշեց Էդիկ Մինասյանը:
Նա շեշտեց, որ Հայաստանը պետք է օգտվի երկու երկրների միջև առկա խնդիրներից, ռուս-թուրքական հարաբերությունների սառեցման պայմաններում որոշակի քայլեր ձեռնարկի, սեփական խնդիրները լուծի ստեղծված իրավիճակում:
Էդիկ Մինասյանի խոսքով` Թուրքիան «Իսլամական պետության» ջերմ աջակիցն է:
«Չնայած հայտարարում է, թե պայքարում է դրա դեմ, ակնհայտ է Թուրքիայի կողմից ԻՊ ուժերին օգնելու փաստը»,-շեշտեց նա: