Կարծիքներ

Հայաստանն Իրանի վստահելի ու կանխատեսելի գործընկերն է. իրանագետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանն Իրանի վստահելի ու կանխատեսելի գործընկերն է. իրանագետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատժամիջոցների չեղարկումը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին այս մասին նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նրա խոսքով, պատժամիջոցների չեղարկմամբ Մերձավոր Արևելքում իրանական ազդեցությունը մեծանալու է, իսկ Մերձավոր Արևելքի տարածաշրջանին անմիջականորեն հարում է Հարավային Կովկասը: Այն Իրանի տարածաշրջանային քաղաքականության մեջ ունի երկրորդ նշանակությունը:

«Հարավային Կովկասում էլ գտնվում ենք մենք` Հայաստանը: Մեր երկիրը Իրանի հետ պահպանել է բարեկամական հարաբերություններ: Հայաստանն, այս պատժամիջոցների առկայության ընթացքում, չի մասնակցել որևէ հակաիրանական գործողության, որևէ միջազգային ատյանում Իրանի դեմ ներկայացված օրինագծին կողմ չի քվեարկել: Մենք եղել ենք Իրանի վստահելի ու կանխատեսելի գործընկերը»,-ասաց Վարդան Ոսկանյանը:

Նա հիշեցրեց, որ իրանցիները, Վիեննայում կայացած համաձայնությունից հետո, առաջինը սկսեցին աշխատել Հայաստանի ուղղությամբ: Եղան երկու երկրների պատվիրակությունների այցեր, Իրանի փոխնախագահն այցելեց Հայաստան:

«Երբեք պետք չէ սպասել հրաշքի, արդյունքի համար երկարատև աշխատանք է պահանջվում, այդ թվում Իրանի հետ հարաբերություններում: Իրանի հետ համագործակցության դաշտը պետք է բաժանել մի քանի ոլորտների: Դա նախ և առաջ էներգետիկ համագործակցությունն է` երկու բաղադրիչներով: Մասնավորապես, էլեկտրաէներգիայի, գազի ոլորտները, որոնք ներառում են ՀԷԿ-ի կառուցման, Վրաստանին գազով մատակարարելու, բարձրավոլտ էլեկտրացանցի նախագծերը և այլն»,-ասաց Վարդան Ոսկանյանը:

Հաջորդը` ճանապարհային հաղորդակցության ոլորտն է: Իրանագետի խոսքով, մենք ունենք Իրանը Սև ծովին կապելու լավագույն հնարավորությունը: «Դա նախ և առաջ «Հյուսիս-Հարավ» նախագծի միջոցով, որի աշխատանքները պետք է հնարավորինս արագացնել: Դրա յուրաքանչյուր օրվա ձգձգում վնասում է Հայաստանին նոր զարգացումների համատեքստում»,-ավելացրեց փորձագետը:

Իրանագետի համար, վերը նշվածից բացի, ոչ պակաս կարևոր է ներդրումների ոլորտը: Մասնավորապես, հնարավորություններ կան իրանական ապրանքը «Ստեղծված է Հայաստանում» կամ «Մակնշված է Հայաստանում» պիտակով արտահանել ԵԱՏՄ, եվրոպական երկրներ: Երկու ուղղություններով էլ Հայաստանն ունի արտոնյալ ռեժիմներ: Վարդան Ոսկանյանի կարծիքով, անհրաժեշտ է նաև զարգացնել զբոսաշրջությունը իրանական ուղղությամբ: Բազմաթիվ իրանցիներ հետաքրքրված են Հայաստանով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում