Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը բացասաբար է ազդելու Ադրբեջանի վրա
1 րոպեի ընթերցում
![Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը բացասաբար է ազդելու Ադրբեջանի վրա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/01/832385.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամը միայն տնտեսական գործոնով չէ, որ բացատրվում է: Այն պարունակում է քաղաքական հիմք, աշխարհաքաղաքական փոփոխությունների ազդեցություն, որոնց հետեւանքով սոցիալական պայթյունը հարեւան երկրում անխուսափելի է լինելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանի գնահատմամբ առաջիկայում Ադրբեջանում իրավիճակն ավելի է բարդանալու, քանի որ պատժամիջոցների չեղարկումից հետ Իրանը օրական 500.000 բարել նավթ է մտցնելու համաշխարհային շուկա, ինչը ենթադրում է, որ արդեն ավարտին մոտեցող ադրբեջանական նավթը ոչ ոքի չի հետաքրքրելու:
«Անշուշտ, կատարվող իրադարձություններում տնտեսական գործոնն առկա է, սակայն քաղաքական գործոնը նույնպես մեծ է: Օրինակ, վերջին շրջանում խիստ լարվել են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Դրանք նաեւ ռուս-թուրքական լարված հարաբերությունների հետեւանք են, քանի որ Մոսկվայում հասկանում են, որ Ադրբեջանում արդիական է մեկ ազգ երկու պետություն գաղափարախոսությունը»,- ասաց Արա Պապյանը: