ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի համարձակվի գնալ լայնամասշտաբ պատերազմի Ղարաբաղում, քանի որ առկա ռիսկերը մեծ են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանի գնահատմամբ մեծ է վտանգը, որ պատերազմը կընթանա նրա համար անցանկալի հունով:
«Ցավոք, լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում կշարունակվի, կլինեն զոհեր, բայց լայնամասշտաբ պատերազմ ես չեմ կանխատեսում»,-ասաց Պապյանը՝ հավելելով, որ Ալիեւի վարքի մեջ որեւէ փոփոխություն չի լինի` ռազմական հռետորաբանությունը կշարունակվի, դիվերսիոն հարձակումներն ու լավածությունը՝ նույնպես: Պապյանի գնահատմամբ` Հայաստանը չի կարող խուսափել Ադրբեջանի կողմից ստեղծված լարվածությունից, սակայն կարող է բարելավել իրավիճակն առաջնագծում, սահմանին թարմացնել տեխնիկան: «Բյուջեում պետք է փոփոխություններ կատարվեն: ՊՆ-ն էլ պետք է վերանայի ծախսերն ու ոչ առաջնային բոլոր ծախսերն ուղղի դեպի առաջնագծի տեխնիկական հագեցվածությունը վերազինելուն»,- ասաց Պապյանը:
Հարցին, թե կարո՞ղ է նավթի գների անկումը ազդել Ադրբեջանի նկատմամբ գերտերությունների դիրքորոշումների վրա, Պապյանը պատասխանեց, որ Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքն արդեն փոխվել է, քանի որ նավթային դարաշրջանն արդեն ավարտվել է, տեխնոլոգիական հեղափոխություն է տեղի ունեցել: Հետեւաբար, Ադրբեջանի համար անհնար է լավ ապագա կանխատեսել: