1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 1 տոկոս ամենահարուստ մարդկանց (մոտավորապես 73 մլն մարդ) կարողությունը հավասարվել է մնացած ամբողջ մարդկության կարողությանը: Այդ մասին հաղորդել է Oxfam բրիտանական բարեգործական կազմակերպությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Oxfam-ը նաեւ հաշվարկել է, որ 62 ամենահարուստները տիրում են նույնքան ակտիվների, որքան եւ մոլորակի բնակչության ամենաաղքատ կեսը: 2010 թվականին 388 ամենահարուստ մարդիկ իրենց կարողությամբ հավասարվել էին ամբողջ բնակչության 50 տոկոսի կարողությանը:
Հաշվարկների համար կազմակերպությունն օգտագործել է աշխարհի խոշորագույն բանկերից մեկի՝ Credit Suisse-ի հոկտեմբեր ամսվա տվյալները:
Աշխարհի ամենահարուստ մարդկանց 10 տոկոսի մեջ մտնում են մոտավորապես 69 հազար դոլարի ակտիվներ ունեցող մարդիկ, իսկ 760 հազար դոլար գումարի ակտիվները դրանց տերերին թույլ կտան հայտնվել մոլորակի 1 տոկոսը կազմող ամենահարուստ մարդկանց թվում:
Oxfam կազմակերպությունը շվեյցարական Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի նախաշեմին, որտեղ ամեն տարի հավաքվում են աշխարհի ամենազդեցիկ մարդիկ, փորձում է ուշադրություն գրավել աշխարհում աճող անհավասարության վրա: