Թուրքիան վարկաբեկվում է իր պահվածքով. Կիրո Մանոյան
3 րոպեի ընթերցում
![Թուրքիան վարկաբեկվում է իր պահվածքով. Կիրո Մանոյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/01/831831.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի այս իշխանությունները կարծես որդեգրել են հետևյալ սկզբունքը. այնպես անել, որ իրենց ծրագրածն առաջ տարվի, հակառակ դեպքում երկիրը կտանեն պատերազմի:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին:
«Հաշվի առնելով, թե Թուրքիայի ներսում ինչ է կատարվում, իշխանություններն ինչ ուղղություններով են աշխատում, կարող ենք ասել, որ Թուրքիայի համար բավական ոչ կայուն զարգացումներ են սպասվում առաջիկա ամիսներին, նույնիսկ տարիներին»,-ասաց Կիրո Մանոյանը: Հնարավո՞ր է Հայաստանը, Սփյուռքը միջազգային հարթակներում Հայ դատի հարցն առաջ տանելու գործում հաջողություններ գրանցեն` հաշվի առնելով այն, որ Թուրքիան ներքին խնդիրներով ու ահաբեկչական հարցերով է տարված և կարծես թե Հայոց ցեղասպանության հարցի ուղղությամբ իշխանությունների ուշադրությունը մարել է: Պատասխանելով հարցին` Կիրո Մանոյանը նշեց, որ ճիշտ չէ ասել, որ Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ Թուրքիայի իշխանությունների ուշադրությունը մարել է: «Դա այնքան էլ միանշանակ չէ… Այո, Թուրքիան զբաղված է ներքին հարցերով, բայց մենք տեսանք, թե ինչպես Գերմանիայի խորհրդարանը հետաձգեց Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը: Պարզ էր, որ դա արվեց Թուրքիային չնեղացնելու համար»,-ավելացրեց Կիրո Մանոյանը:
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Մանոյանը նշեց, որ ստեղծված իրավիճակը վտանգավոր է, բայց հաճախ նոր հնարավորություններ են ստեղծվում, որոնցից կարելի է օգտվել ` կապված թե ինչ ակտիվություն կցուցաբերի Հայաստանը:
«Տարածաշրջանային զարգացումներում Թուրքիան՝ որպես տարածաշրջանային դերակատար, բավական շատ վարկաբեկվում է իր պահվածքով, և մենք կարող ենք նաև այլ պետությունների հետ այս ուղղությամբ արդյունավետ աշխատանք տանել»,-ասաց նա:
Կիրո Մանոյանը կարևորեց նաև Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորումը: Ըստ նրա` դա դրական ազդեցություն կթողնի Հայաստանի վրա, որովհետև Հայաստանն արդեն և' Իրանի, և' Արևմուտքի հետ ունի սերտ հարաբերություններ և կարող է այս առիթից օգտվելով՝ որոշ տնտեսական գործընթացներում դերակատարություն ունենալ: