Հարցազրույց

Իրանն ու Սաուդյան Արաբիան հստակեցնում են ազդեցության գոտիները. իրանագետ

6 րոպեի ընթերցում

Իրանն ու Սաուդյան Արաբիան հստակեցնում են ազդեցության գոտիները. իրանագետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրան-Սաուդյան Արաբիա առճակատում քիչ հավանական է, բայց պատերազմական գործողություններ այլ երկրների հողում հնարավոր է: Մասնավորապես, Սիրիայում Իրանի և Սաուդյան Արաբիայի ուժերը կարող են բախվել և փորձել հստակեցնել իրենց ազդեցության գոտիները: Անդրադառնալով Իրան-Սաուդյան Արաբիա լարվածությանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

-Սաուդյան Արաբիան 47 մարդու մահապատժի ենթարկեց, այդ թվում շիա քարոզիչ Նիմր Ալ Նիմրին: Նման գորոծղության Սաուդյան Արաբիան ի՞նչ խնդիր է լուծում: Գլխատված գործիչներ կան, որոնք մի քանի տարի է` բանտարկված են: Ինչո՞ւ այս փուլում Սաուդյան Արաբիան մահապատժի քայլին գնաց:

-Նախ չէի ցանկանա այստեղ սունի-շիա խնդիրն ընդգծել, որովհետև ես չեմ տեսնում, որ այս գործընթացի հիմքը կրոնական գործոնն է: Այստեղ ավելի շատ աշխարհաքաղաքական հարցեր են փորձում լուծել թե Սաուդյան Արաբիան, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը: Նրանք փորձում են իրենց ազդեցության գոտիները հստակեցնել: Դեռևս 70-ականներից սկսած նրանք ունեցել են այդ խնդիրը և միշտ էլ պայքարել են: Հետևաբար, հակված եմ կարծելու, որ սա ազդեցության գոտիները բաժանելու խնդիր է, պարզապես այստեղ օգտագործվում է կրոնը քաղաքական իսլամի շրջանակներում, այսինքն` այս խնդիրը փորձում են համեմել կրոնական գործոնով, իրենց հետևորդների բանակը մեծացնելով` սունիներն իրենց հերթին, շիաներն իրենց հերթին:

-Սաուդյան Արաբիան այս գործընթացի համատեքստում փորձում է իր շուրջ համախմբել գործընկեր, դաշնակից երկրներին, դա որքանո՞վ է հաջողվում և Իրանի վրա այդ ազդեցությունն ինչպիսի՞ն կլինի:

-Նախ ասեմ, որ Սաուդյան Արաբիայի թիվ մեկ դաշնակից համարվող ԱՄՆ-ն խստորեն դատապարտեց այս քայլը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նույնպես խստորեն դատապարտեց 47 մարդու մահապատժի ենթարկելը: Այնպես չէ, որ Սաուդյան Արաբիայի դաշնակիցները մեծապես աջակցեցին նրա գործողությունները: Իհարկե, եղան երկրներ, որոնք միավորվեցին Սաուդյան Արաբիայի շուրջը, բայց այստեղ ևս ես դիտարկում եմ նրանց շահերի բախումների խնդիրը: Նույն Բահրեյնն է վախենում Իրանի Իսլամական Հանրապետության գործելաոճից: Մենք գիտենք, որ Իրանը ևս, օգտագործելով շիաների ակտիվությունը, դեռևս 80-ականներից փորձում է իր գաղափարները տարածել տարածաշրջանում: Այսինքն` առկա վախը հիմք հանդիսացավ, որ որոշ արաբական երկրներ միավորվեն Սաուդյան Արաբիայի շուրջ`ընդդեմ Իրանի:

-Կարո՞ղ ենք ասել, որ Արևմուտք-Իրան հարաբերություններում որոշակի դրական տեղաշարժն է մտահոգություն առաջացրել արաբական և տարածաշրջանային այլ երկրների մոտ:

-Մենք կարող ենք ասել, որ Իրանի դերի բարձրացումը տարածաշրջանում անհանգստացրեց Սաուդյան Արաբիային և նրա դաշնակից երկրներին: Նրանք շատ լավ տեսան, որ վերջին 20 տարիներին, երբ Իրանը գտնվում էր պատժամիջոցերի տակ, կարծես թե տարածաշրջանում նրա դերը երկրորդային էր դարձել, այսօր այդ վիճակը փոխվում է և Իրանը գալիս է առաջնային փուլ: Արևմուտքը հստակ նշեց, որ տարածաշրջանում մի շարք խնդիրներ, այդ թվում, Սիրիայի, Եմենի, Աֆղանստանի, Իրաքի, առանց Իրանի հնարավոր չէ լուծել: Այսինքն` Իրանը դարձավ տարածաշրջանի ամենալուրջ խաղացողներից մեկը, որն անհնագստացրեց, թե Սաուդյան Արաբիային, թե Թուրքիային, թե արաբական մի շարք երկրներին: Եվ նշմարվում է, որ փորձում են կոալիցիա ստեղծել ընդդեմ Իրանի:

-Այս լարվածությունը որքա՞ն հեռու կարող է գնալ:

-Չեմ կարծում, որ այս լարվածությունը պետերազմի կհասցնի: Դժվար թե լինի Իրան-Սաուդյան Արաբիա առճակատում, բայց պատերազմական գործողություններ այլ երկրների հողում հնարավոր է: Մասնավորապես, Սիրիայում Իրանի և Սաուդյան Արաբիայի ուժերը կարող են բախվել և փորձել հստակեցնել իրենց ազդեցության գոտիները` ցույց տալով, թե ով է ավելի ուժեղ տարածաշրջանում: Եթե թվեր ներկայացնենք, ապա Իրանի զինված ուժերը 500 հազար են, իսկ Սաուդյան Արաբիայինը` 200 հազար: Իհրակե, վերջինիս շուրջը կարող են միավորվել այլ երկրներ ևս, բայց եթե մենք Իրանի 500 հազարին գումարենք նաև 800 հազար բասիջներին,ապա կտեսնենք, որ պատկերն այլ է: Բասիջներն, այլ կերպ ասած, աշխարհազորն է:

-Անուղղակի ձևով այս գործընթացը տարածաշրջանի, մասնավորապես, Հայաստանի վրա ինչպե՞ս կարող է ազդել: Ինչպես գիտենք, Հայաստանը Իրանի հետ կապված տնտեսական գործընթացներում որոշակի սպասումներ ունի: Որքանո՞վ է հավանական, որ տարածաշրջանի քաղաքական լարված իրավիճակով պայմանավորված ծրագրերի ընթացը դանդաղեցվի:

-Այն, որ տարածաշրջանն ամբողջության ալեկոծվելու է, դա կասկածից վեր է: Հայաստանն, իհարկե, այս պահին դեռ չի զգում այդ ազդեցությունը: Միակ խնդիրն այն է, որ ընդդեմ Իրանի կոալիցիայի գործողություններին ամենայն հավանականությամբ ուղղակի կամ անուղղակի կմասնակցի նաև Ադրբեջանը և այստեղ լարվածությունը Կովկասում էլ կնկատվի: Շատ ակնհայտ զգացվում է Ադրբեջանի և Թուրքիայի միաձուլումն ընդդեմ Իրանի: Այդ դեպքում, կարծում եմ, Ռուսաստանն ու Հայաստանը կփորձեն ինչ-որ կերպ մեղմել իրավիճակը Կովկասում:

Ինչ վերաբերում է տնտեսական գործընթացներին, ապա չեմ կարծում խնդիր լինի: Այն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեին Իրան-Հայաստան համագործակցության շրջանակում, դրանք այնքան մեծ ֆինանսական ռեսուսներ չեն պահանջում: Իրանը, կարծում եմ, այդ ամենը կիրականացնի:

Աննա Գզիրյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում