2016թ. բարոյական արժեքների անկումը, ահաբեկչությունն ու ցեղասպանությունը վերացնելու տարի պետք է լինի. Ամո Շարոյան
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իրաքի եզդիաբնակ Շանգալ նահանգը, մեր բնօրրանը շուրջ 15 ամիս գտնվում էր ԻՊ-ի հրեշների գերության-ստրկության տակ:
Հավատացեք դա իմ կյանքում եղած ամենացավոտ ժամանակն էր, անընդհատ սպասում էի Շանգալի ազատագրմանը: Շանգալը ավերված է, բայց ազատագրված…
Փառք ու պատիվ նրանց ովքեր ազատագրեցին Շանգալը…
Մենք, որ շուրջ 15 ամիս լուռ արտասվել ենք, բայց ուրիշի հարաբերվելիս մեր լացի մեջ ժպտացել ենք, այսօր իրար պետք է հույս ու հավատ տանք, անկեղծ լինենք, միասին վայելենք մեր բնօրրանի Շանգալի ազատագրման բերկրանքը:
Սպասում էի ցավի ավարտին, այդպես ամեն օր, առջևում նպատակն էր, բայց չէի պատկերացրել, որ նպատակին հասնելուց հետո այդպիսի դժվարություններ կլինեն: Համբերեցինք, ձգտեցինք մեր համբերությունը հաղթեց: Ցավոտ էր դիմացանք հիմա էլ եկել է արցունքները սրբելու, ժպտալու, ապրելու ժամանակը: Աշխարհի եզդիներս յուրաքանչյուրը պետք է դառնա Շանգալի վերակառուցման և անվտանգ պահպանման մասնակից: Աշխարհը դեռևս մերժում է մեզ և չի օգնում լիարժեք վերականգնել մեր բնօրրանը, ազատել մեր բոլոր գերիներին: Սակայն կյանքում կարևորը հավատալն է, որ այն կատարվելու է, որ Շանգալը նորից կվերականգնվի և կշարունակվի լինել եզդի ժողովրդի տունը, օջախն առհավետ:
ԻՊ-ի հրեշների ստրկությունից-մահից փախած եզդուհի Նադիա Մուրադին օրերս Իրաքի կառավարությունը ներկայացրել է Նոբելյան մրցանակի: Աշխարհի տարբեր երկրների, ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ նա միայն խնդրում էր արագ ազատել ԻՊ-ի ստրկության մեջ գտնվող բոլոր ստրուկներին, վերացնել 21-րդ դարում ստրկավաճառությունը: Շատերը նրան դիտում են որպես ԻՊ-ի հրեշների ստրկության դեմ ուղղված կնոջ պայքարի խորհրդանիշ: Իսկ նա միայն միջազգային հանրությանն աղերսում է ազատել բոլորին ԻՊ-ի հրեշների ստրկությունից և ապահովել նրանց վերադարձն ու անվտանգությունն իրենց տուն:
Նոյեմբերի 13-ի ազատագրումից հետո ԻՊ-ի հրեշները մի քանի անգամ փորձել են նորից գրավել Շանգալը, բայց այդքանից հետո մենք այլևս իրավունք չունենք խաբվելու, սխալվելու:
Մերժումը սարսափելի չէ, սարսափելին այն է, որ մարդկային հարաբերություններում շատացել է թշնամանքը, ատելությունը, անտարբերությունը, դատարկությունը:
Անկեղծորեն հավատացեք մեր եզդիներին. մենք կվերականգնենք մեր բնօրրանը, այլևս թույլ չենք տա ոսոխը մտնի մեր տուն: Ձեզ հետ կամ առանց Ձեզ: Ասում են իսկական բարությունը լինում է անկեղծ, մաքուր սրտում, երևում է պարզ,մարդկային աչքերում, տրվում է անկեղծ օգնող ձեռքով, բայց ապրում է միայն մեր գործած արարքներում և կյանքում: Անկեղծ օգնենք եզդի ժողովրդին. ինչու չէ նաև մեր Երկիր մոլորակին: Կոչ եմ անում եզդի ժողովրդին 2016թ. չսխալվել, վերքը ապաքինել, ցավը դարձնել ուժ և միակամ ու միասնական հաղթահարել դժվարությունները:
Նոր տարում մեզնից է կախված ինչ ճանապարհ ընտրենք, արժևորենք Մարդուն, սիրենք միմյանց, թե շարունակենք ատել ու սպանել: Հավատացած եմ մեր մեջ կգտնենք նոր կյանքն արժևորելու և ճիշտ ապրելու ուղին: 2016թ. բարոյական արժեքների անկումը, ահաբեկչությունն ու ցեղասպանությունը վերացնելու տարի պետք է լինի: Իսկ մենք մեկ մեկու կնայենք միայն վստահ, ջերմությամբ, սիրով ու ժպիտով: Ապրենք համերաշխ, ապրենք չարին և նենգին հաղթելու համար:
Ամո Շարոյան
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ