Կարծիքներ

Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում Հայաստանը պետք է առաջ տանի սեփական «խաղը». պատգամավոր

2 րոպեի ընթերցում

 Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում Հայաստանը պետք է առաջ տանի սեփական «խաղը». պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը չպետք է ձեռքերը ծալած նստի, այլ պետք է քայլեր ձեռնարկի աշխարհաքաղաքական ներկա բարդ իրավիճակում, ռուս-թուրքական լարված հարաբերությունների պայմաններում սեփական «խաղն» առաջ տանելու և օգուտներ քաղելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր, «Արևմտահայոց Ազգային Համագումար» միջազգային կազմակերպության հիմնադիր անդամ Արագած Ախոյանը: «Այս պահին ձեռքերը ծալած նստել կամ չսխալվելու համար ոչինչ չձեռնարկելու սկզբունքով առաջնորդվել պետք չէ: Մենք այսպես, թե այնպես այս խաղի մեջ ենք և պետք է այնպես անենք, որ մեր սեփական խաղն առաջ տանենք մեր ուզած ճանապարհով, որը մեզ է ձեռնտու: Մենք պետք է նախապատրաստվենք գալիք պատմությանը, որովհետև իրավիճակ է փոխվելու: Եթե որևէ մեկը կարծում է, որ մենք չենք կարող մեր խաղը տանել կամ դրա ժամանակը չէ, ապա սխալվում են. մենք կարող ենք անել դա ու հիմա ժամանակն է »,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով ռուս-թուրքական լարված հարաբերություններին՝ պատգամավորը նկատեց, որ Ռուսաստանը հերթական ապտակը հասցրեց Թուրքիայի իշխանություններին, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում ունեցավ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի հետ: «Իհարկե, ինձ համար սպասելի էր, որ Ռուսաստանը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար կընտրի այդ երկրի համար ամենավտանգավոր «խաղաքարտը»՝ քրդական գործոնը: Եվ կարելի էր սպասել, որ քրդական գործոնն ի վերջո տարածաշրջանում առաջնային հարց է դառնում»,- ասաց Ախոյանը:

Միևնույն ժամանակ, պատգամավորը կարծում է, որ ռուս-թուրքական լարված հարաբերությունները կկարգավորվեն այն պահին, երբ դա ձեռնտու կլինի Ռուսաստանին, ուստի Հայաստանն այս դեպքում պետք է շատ զգույշ լինի՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է իր սեփական շահերն առաջ տանի, սակայն դա պետք է արվի կշռադատված քայլերի միջոցով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում