Կարծիքներ

Թուրքագետին քրդերի նկատմամբ բռնությունները հիշեցնում են 1915-ին հայերի դեմ իրականացվող գործողությունները

3 րոպեի ընթերցում

Թուրքագետին քրդերի նկատմամբ բռնությունները հիշեցնում են 1915-ին հայերի դեմ իրականացվող գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրում և այլ շրջաններում քուրդ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող բռնությունները հիշեցնում են 1915 թվականի դեպքերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: «Հետաքրքիրն այն է, որ այդ բռնությունները Դիաբեքիրի այն շրջանում են տեղի ունենում, որտեղ ժամանակին հայեր են ապրել, հայկական թաղամասեր են եղել, այսօր էլ հայկական եկեղեցիներ կան: Ստացվում է`այդ հատվածում, որտեղ 100 տարի առաջ թուրքական իշխանությունները հայերին էին տեղահանում, սպանում, հիմա նույնը կատարվում է քրդերի նկատմամբ»,-ասաց Անդրանիկ Իսպիրյանը` ընդգծելով, որ այդ բախումների հետևանքով վտանգվում են նաև հայկական մշակութային արժեքները:

Թուրքագետի խոսքով՝ քրդական այդ հատվածում թուրքական իշխանությունների գործողությունները սկսվել են դեռևս հունիսի 7-ից հետո: Եվ դրանք չեն սահմանափակվում միայն Դիրաբեքիրով: Ըստ Անդրանիկ Իսպիրյանի` Շըրնաքում բառի ուղիղ իմաստով պատերազմական գործողություններ են ընթանում: Այդ լարվածությունը սկսվեց այն ժամանակ, երբ թուրքական իշխանությունները սկսեցին հակամարտել լեռներում գտնվող քուրդ զինյալների դեմ: Տարբեր քաղաքների, համայնքների քուրդ բնակիչներն էլ ոտքի կանգնեցին` պաշտանելու քուրդ զինյալներին: «Եվ ահա այն հատվածում, որտեղ բնակվում է քուրդ բնակչության ակտիվ հատվածը, դարձավ թուրքական իշխանությունների թիրախ: Լեռներում քուրդ զինյալների դեմ մղվող պայքարը տեղափոխվեց քաղաքային շրջաններ: Սկսվեցին զանգվածային բախումներ, ոստիկանությունը կիրառեց միջոցներ, որոնց հետևանքով մեծ թվով քաղաքացիական անձինք սպանվեցին, այդ թվում հղի կանայք, երեխաներ: Իհարկե, թուրքական իշխանությունները փորձում են դա հիմնավորել, թե ահաբեկչության դեմ պայքար են մղում, սակայն հղի կնոջ կամ 10 տարեկան երեխային սպանելը ոչ մի ձևով չի կարող տեղավորվել այդ տրամաբանության մեջ»,-ասաց Անդրանիկ Իսպիրյանը` ընդգծելով, որ ընտրությունների օրվանից հետո շուրջ 300 խաղաղ բնակիչ է սպանվել:

Այժմ թուրքական իշխանություններն ամեն ինչ անում են, որ քրդական բնակչության ակտիվ զանգվածը դուրս գա, հեռանա այդ տարծքներից: Նպատակն այն է, որ տարածքներն իրենց կողմից վերահսկելի լինեն: «Պետք է ասել, որ դա նրանց հաջողվում է: Բազմաթիվ քուրդ ընտանիքներ լքում են իրենց տները: Այդ բռնությունները, տեղահանումները ինչ-որ ձևով հիշեցնում են 1915 թվականի հայերի նկատմամբ իրականացված գործողությունները»,-ասաց թուրքագետը: Ի դեպ, նա նկատեց, որ քուրդ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող գործողությունների վերաբերյալ միջազգային հանրությունն առայժմ լռում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում