Հայաստանում քաղաքական բանավեճերը մղվել են երկրորդական պլան. Աղվան Վարդանյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաշնակցությունը իր ժամանակագրությամբ, կառույցով, կազմակերպությամբ և հետևողականությամբ թողել է հետք հայ քաղաքական մտքի վրա: ՀՅԴ 125-ամյակին նվիրված «ՀՅ Դաշնակցությունը և հայոց պետականությունը» խորագրով գիտաժողովի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:
Հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն կարողանում է ամբողջությամբ օգտագործել իր պոտենցիալը, Դաշնակցական գործիչը պատասխանեց. «Բնականաբար, մենք չենք կարող ասել, որ այսօր Դաշնակցությունը օգտագործում է իր ամբողջ կարողությունը և հնարավորությունը: Մենք ապրում ենք մի ժամանակշրջանում, մի հասարակության մեջ, որը վերափոխելու, հասարակության գիտակցությունը բարձրացնելու, կազմակերպելու լրջագույն խնդիր ունի»: Ըստ Վարդանյանի, այս և սոցիալական այլ խնդիրները թույլ չեն տալիս լավագույնս դրսևորվել հանրության մեջ:
Նա ցավով նկատեց, որ Հայաստանում քաղաքական բանավեճերը, իրար համոզելու գործընթացները մղվել են երկրորդական պլան, փոխարենը, առճակատումը, թշնամանքը, ատելությունը դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը: «Գիտականորեն ապացուցված է, որ երբ այսքան ատելություն է կուտակվում, անխտիր ազդում է բոլորի վրա, և այստեղ մենք դեռ շատ անելիքներ ունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նկատեց Վարդանյանը:
Նա ևս մեկ անգամ հերքեց կոալիցիա կազմելու վերաբերևալ ՀՀԿ-ի հետ տարվող բանակցությունների մասին խոսակցությունները: