ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգրադում ԵԱՀԿ մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը և Հերբերտ Զալբերը քննարկել են ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացը, շեշտվել է խնդրի կարգավորման համար կողմերի միջև բարձր մակարդակի երկխոսության կարևորությունը:
Հերբերտ Զալբերը վերահաստատել է Եվրոպական միության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Քննարկվել են Հայաստան - ԵՄ հարաբերությունները, կարևորվել է առաջիկա օրերին ՀՀ - ԵՄ հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների մեկնարկը: