Մարգարովը Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ՌԴ կողմից Թուրքիային ճնշելու լծակ է համարում
2 րոպեի ընթերցում
![Մարգարովը Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ՌԴ կողմից Թուրքիային ճնշելու լծակ է համարում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/11/827617.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած երկիր, ներառյալ Ռուսաստանն, ով փորձում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, օգտվում է մի քանի գործոններից, որոնցից մեկն էլ Հայոց ցեղասպանության խնդիրն է: «Արմենպրես»-ի հաղորդմամաբ` նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
ՙԿարծում եմ` ոչ ոք դեմ չէ, որ ևս մեկ երկիր ընդունի օրինագիծ Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին: Սակայն Ռուսաստանի նախաձեռնությունը դեռևս միայն նախաձեռնություն է, քանի որ Ռուսաստանի Պետդումայում մեծամասնություն կազմող ՙՄիասնական Ռուսաստան՚ կուսակցությունը որևէ պաշտոնական հայտարարություն չի արել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունելու մասին՚,- նշեց քաղաքագետը:
Օրինագիծն, ըստ Մարգարովի, հնարավոր է երբեք չընդունվի ու չունենա այն ավարտը, որը ձեռնտու է հայկական կողմին, սակայն ցեղասպանության խնդրի վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը բոլորին հայտնի է:
Անդրադառնալով նաև Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, քաղաքագեը նշեց, որ դրանք երկկողմանի բնույթ կկրեն, քանի որ ՌԴ տարբեր հաշվարկներով մոտավորապես 23 մլրդ խմ գազ է մատակարարում Թուրքիային, որը խոշոր կորուստ է Ռուսաստանի համար:
ՙԱրդար Ռուսաստան՚ կուսակցությունը նոյեմբերի 25-ին ՌԴ Պետդումա էր ներկայացրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Դա արվել էր Թուրքիայի կողմից ռուսական ՍՈՒ-24 ինքնաթիռը խոցելուց հետո:
Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքում ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումը թուրքական օդուժի կողմից անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»: