Ահաբեկչները թիրախավորեցին Ֆրանսիան, որպեսզի ահաբեկչությունն ավելի տպավորիչ լինի. արաբագետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահաբեկչները թիրախավորեցին Ֆրանսիան, որպեսզի ահաբեկչությունն ավելի տպավորիչ լինի, սակայն այն կարող էր տեղի ունենալ եվրոպական ցանկացած երկրում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արաքս Փաշայանը: «Ահաբեկչության վայրի ընտրությունը նաև պայմանավորված է Ֆրանսիայի ներքին դաշտում առկա խնդիրներով՝ իսլամական ներգաղթյալներին տեղ տալու հետ կապված, ինչը լուրջ մարտահրավեր էր Ֆրանսիայի աշխարհիկ և լիբերալ արժեքներին: Ահաբեկչության վայրի ընտրության վրա մեծ դեր խաղաց նաև Ֆրանսիայի կողմից, ԱՄՆ-ի հետ դաշնակցության ներքո, հակաահաբեկչական ռազմական գործողություններին մասնակից լինելը», - ասաց Արաքս Փաշայանը:
Խոսելով տեղի ունեցած ահաբեկչության պատճառների վերաբերյալ փորձագիտական շրջանակներում առկա հիմնական կարծիքների մասին՝ արևելագետը նշեց Ֆրանսիայի միջինարևելյան քաղաքականությունը և այն հանգամանքը, որ այսօր լիբերալիզմի, մարդու իրավունքների արժեքների հայրենիքը իր երկրի ներսում փորձում է պայքարել նշված արժեքների պահպանման համար:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով,ըստՖրանսիայի դատախազությանհրապարակած տվյալների, զոհվելէ 132մարդ: Տարբեր աղբյուրներ հայտնում են 160-250 տուժածների մասին, նրանցից 99-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել և մեղադրել «Իսլամական պետություն» խմբավորմանը: Ֆրանսիայի իշխանությունների՝ ՀՀ դեսպանությանը տրամադրած նախնական տեղեկատվության համաձայն՝ Փարիզում ահաբեկչությունների հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: