ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցայի և «The No Smoking Orchestra» ֆոլք–ռոք խմբի հայաստանյան համերգի ժամկետը հայտնի է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին իրադարձության կազմակերպիչ «Մեցցո Փրոդաքշն» ընկերությունից, համերգը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում խմբի Ռուսաստանի, Բալթյան և նախկին ԽՍՀՄ երկրների գծով մենեջեր Միրկո Ռադենովիչը տեղեկաացրել էր, որ Կուստուրիցան և «The No Smoking Orchestra» ֆոլք–ռոք խումբըՀայաստանում հնարավոր է համերգ ունենան:
Էմիր Կուստուրիցան եվրոպական խոշորագույն ` այդ թվում Կաննի փառատոնի մրցանակակիր է, արժանացել է բազմաթիվ պարգևների: Ռեժիսորը բազմաթիվ հայտնի կինոնկարների հեղինակ է: Բալկանյան կինոյի հանճարը նախորդ տարի տոնեց ծննդյան 60-րդ հոբելյանը: Բացի կինոյում աշխատելուց, Կուստուրիցան հայտնի է որպես «The No Smoking Orchestra» ֆոլք–ռոք խմբի անդամ: Էմիր Կուստուրիցան հասցրել է այցելել Հայաստան. նա եղել է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հյուրը: