Անակլիայի նավահանգստի նախագծի կյանքի կոչումը ձեռնտու է նաև Հայաստանին. քաղաքագետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անակլիայի նավահանգստի նախագծի կյանքի կոչումը ձեռնտու է նաև Հայաստանին: Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղաքական եւ իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
«Հույս ունեմ, որ օրեր առաջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարած այցի ժամանակ քննարկվել է նաև Անակլիայի նավահանգստի կառուցման խնդիրը, որը նախագծվում էր դեռ Միխաիլ Սահակաշվիլիի նախագահման օրոք: Հայկական կողմը հետաքրքրված է Անակլիայի նավահանգստի կառուցմամբ, քանի որ նախատեսված է Վանաձորի ՋԷԿ-ի տարածքում կառուցել նոր ՋԷԿ, որը էլէկտրաէներգիայով կապահովի նավահանգիստը և մոտ 500 միլիոն դոլարի ներդրման արդյունք կդառնա Հայաստանի խոշոր քաղաքներից մեկում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ջոնի Մելիքյանը:
Քաղաքագետը հավելեց, որ վրացական կողմը շարունակում է պնդել, որ Անակլիայի նավահանգիստը կառուցումից հետո կդառնա սևծովյան շրջանի ամենամեծ նավահանգիստը:
Ջոնի Մելիքյանի ակնկալիքներով սա կաշխուժացնի միջպետական հարաբերություններն ու առևտուրը, քանի որ Հայաստանը իննը ամիսների ընթացքում Վրաստանի առևտրային գործընկերների շարքում ընկել է 10-րդ տեղը՝ նախկինի 7-րդ տեղի փոխարեն: