Կարծիքներ

ՌԴ պատժիչ գործողությունները բացահայտեցին իսլամիստներին աջակցող պետություններին. թուրքագետ

3 րոպեի ընթերցում

ՌԴ պատժիչ գործողությունները բացահայտեցին իսլամիստներին աջակցող պետություններին. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ Ռուսաստանի Դաշնության կողմից Սիրիայում իրականացվող ռազմական օպերացիան մի շարք ուշագրավ բացահայտումներ ի հայտ բերեց: «Սիրիայում իրականացվող Ռուսաստանի Դաշնության ռազմական օպերացիան միանշանակ հաջողված է, և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին ռուսական ավիահարվածներից փրկելու համար Սիրիայից Թուրքիայի ինքնաթիռներով տեղափոխելու գործընթացը դրա վառ ապացույցն է: Բացի այդ` ՌԴ պատժիչ գործողությունները բոլորի համար ակնհայտ շատ ուշագրավ բացահայտումներ արեցին, որոնք ցույց տվեցին, թե իրականում որ պետություններն են աջակցում իսլամիստներին և հոգում նրանց անվտանգության մասին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նա` հավելելով, որ իսլամիստներին իրենց մոտ ընդունող Եմենը և Սաուդյան Արաբիան պատահական ընտրված չեն: «Նրանց քայլերն ապացուցեցին, որ «սպիտակ թելով» է կարկատած այդ երկրների կողմից իրականացվող կեղծ ժողովրդավարական փուչիկը»,-նկատեց բանախոսը:

Անդրադառնալով արևմտյան և հատկապես թուրքական ԶԼՄ-երի այն քննադատություններին, թե Ռուսաստանը օդային հարվածներ է հասցնում նաև Բաշար ալ Ասադի քաղաքական ընդդիմախոսների` Սիրիայի չափավոր ընդդիմությանը` թուրքագետը պատասխանեց հետևյալը. «Մենք պետք է նախևառաջ սահմանենք այն չափորոշիչները, որոնցով կտարբերենք Սիրիայում չափավոր ընդդիմությանը և ծայրահեղ իսլամիստներին. այդ սահմանումները մինչ օրս ոչ ոք չի տվել, և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շատ հռետորական հարց էր ներկայացրել. «Ցույց տվեք, թե ովքեր են չափավոր ընդդիմադիրները, և մենք օդային հարվածներ չենք իրականացնի նրանց ուղղությամբ»: Իրականում այդ երկու խմբավորումները սերտաճած են, և տարբեր լուսանկարներում կամ տեսանյութերում մարդկանց գլխատելով կամ ուտելով զբաղված անձիք, Թուրքիայում, իբրև Սիրիայի չափավոր ընդդիմության ներկայացուցիչներ, շատ հանգիստ մասնակցում են տարբեր գիտաժողովների և կոնֆերանսների»:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին ռուսական ավիահարվածներից փրկելու համար Սիրիայից տեղափոխում են Թուրքիայի ինքնաթիռներով, այդ մասին հեկտեմբերի 27-ին հայտարարել էր Սիրիայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Ալի Մայհուբը: «Համաձայն հետախուզության, հոկտեմբերի 26-ին Թուրքիայից Եմենի Ադեն քաղաքի օդանավակայան են ժամանել 4 ինքնաթիռներ: Դրանցից 4-ը պատկանում են թուրքական ավիաընկերությունների, մեկը` քաթարական, մյուսը` Սաուդյան Արաբիայի ավիաընկերությանը»,- ասել էր Սիրիայի ԶՈՒ ներկայացուցիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում