Հասարակական

Պարտիզանական պայքարին մասնակցածները Հայրենական մեծ պատերազմի մասնակցի կարգավիճակ կստանան

2 րոպեի ընթերցում

Պարտիզանական պայքարին մասնակցածները Հայրենական մեծ պատերազմի մասնակցի կարգավիճակ կստանան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կստորագրի «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության նախագիծը, որը նախատեսում է վերոնշյալ կատեգորիաների որոշ արտոնությունների տրամադրումը համապատասխանեցնել ազգային օրենսդրությանը:

Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, նշյալ որոշման նախագիծը կառավարության կողմից հավանության արժանացավ հոկտեմբերի 22-ի նիստում:

Նախագծով Համաձայնագրի հավելված 1-ի 1-ին կետը լրացվել է նոր՝ 1.6 ենթակետով, որի համաձայն Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին են հավասարեցվում նաև Ուկրաինական ԽՍՀ-ի, Բելառուսական ԽՍՀ-ի, Լիտվական ԽՍՀ-ի, Լատվիական ԽՍՀ-ի, Էստոնական ԽՍՀ-ի տարածքներում 1944 թ. հունվարի 1-ից մինչև 1951 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում անօրինական կազմավորումների և խմբերի (բանդիտիզմ) լիկվիդացմանն ուղղված մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցած անձինք:

Միաժամանակ, նախագծով համաձայնագրի հավելված 1-ը լրացվել է նոր՝ 7-րդ կետով, որը հստակ սահմանում է պետությունների, քաղաքների, տարածքների և նախկին ԽՍՀՄ քաղաքացիների մասնակցությամբ ընթացած մարտական գործողությունների ժամանակահատվածների ցանկը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նպատակահարմար է գտնում նշյալ արձանագրության կնքումը, քանի որ այն հստակեցնում է համաձայնագրով սահմանված արտոնությունների և երաշխիքների տրամադրման գործընթացը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում