Կարծիքներ

Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճիռն առանձնակի չի ոգևորել թուրքերին. թուրքագետ

4 րոպեի ընթերցում

Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճիռն առանձնակի չի ոգևորել թուրքերին. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքագետ Հակոբ Չաքրյանի դիտարկմամբ` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ 2015 թվականի հոկտեմբերի 15-ի վճիռն առանձնակի չի ոգևորել թուրքական զանգվածային լրատվության միջոցներին: «Նրանք այլ խնդիրներով են զբաղված. ներքին խնդիրները Թուրքիայում շատ են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հոկտեմբերի 17-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Չաքրյանը:

Նրա խոսքով` հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանության ճանաչման փուլում զգալի հաջողությունների է հասել, սակայն հարցը համապարփակ մոտեցում է պահանջում: Ժխտողականության քրեականացման հարցում ևս որոշակի տեղաշարժեր արձանագրել ենք, սակայն ՄԻԵԴ որոշումը կարող է հարվածել այս գործընթացին: Նա մտավախություն հայտնեց, որ ՄԻԵԴ-ի որոշումը կարող է այլևս չկաշկանդել Եվրոպայում ապրող մոտ հինգ միլիոն թուրքերին Հայոց ցեղասպանությունը ժխտելու հարցում:

Եվրոպական դատարանը 2015 թվականի հոկտեմբերի 15-ին հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը: Այդ գործում Հայաստանի Հանրապետությունը ներգրավված էր որպես երրորդ կողմ: Գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ Հայաստանի Հանրապետությունն ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձևակերպումներ, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը: Հայաստանի կառավարությունը համարում է, որ Եվրոպական դատարան ներկայացված բոլոր պահանջները բավարարվեցին: Միևնույն ժամանակ, դատարանի որոշման համաձայն` Շվեյցարիան խախտել է Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը:

2005 թվականի հուլիսին Շվեյցարիա-Հայաստան միությունը բողոք է ներկայացրել թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի դեմ՝ նույն թվականի մայիսին, հուլիսին և սեպտեմբերին Շվեյցարիայի Լոզան, Օպֆիկոն և Կոնիզ քաղաքներում կազմակերպված միջոցառումների ընթացքում 1915թ. և հետագա տարիներին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության փաստը հրապարակայնորեն հերքելու և մասնավորապես, հայկական ցեղասպանությունը որպես «միջազգային կեղծիք» որակելու համար:

Այդ բողոքի հիման վրա Լոզանի դատարանը 2007 թվականի մարտի 9-ին Դողու Փերինչեքին մեղավոր է ճանաչել Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասայական խտրականության համար պատասխանատվություն նախատեսող 261bis հոդվածի 4-րդ կետով:

Փերինչեքը Լոզանի դատարանի վճիռը բողոքարկել է շվեյցարական դատարանների տարբեր ատյաններ, սակայն արդյունքի չի հասել: Դիմելով Եվրոպական դատարան՝ Դողու Փերինչեքը պնդել է, որ շվեյցարական դատարանները Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին հրապարակային հայտարարությունների համար իրեն դատապարտելով, խախտել են Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իր խոսքի ազատությունը:

2015թ. հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատում տեղի են ունեցել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական լսումները, որին Հայաստանը ներգրավված է որպես երրորդ կողմ:

ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի գլխավորած փաստաբանական թիմի կազմում են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի հիմնադիր, միջազգային հայտնի փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը, միջազգային հայտնի փաստաբաններ Ամալ Քլունին և Թոբի Քոլիսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում