Տնտեսություն

Պաշտոնյան զգալի է համարում ռուբլու արժեզրկման բացասական ազդեցությունը ՌԴ-ից ՀՀ զբոսաշրջային այցերի թվի վրա

2 րոպեի ընթերցում

Պաշտոնյան զգալի է համարում ռուբլու արժեզրկման բացասական ազդեցությունը  ՌԴ-ից ՀՀ զբոսաշրջային այցերի թվի վրա

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 1.8 տոկոս աճ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը` հույս հայտնելով, որ երրորդ եռամսյակի և ընդհանուր տարեկան ցուցանիշներն ավելի գոհացնող կլինեն: «Ակնկալիքները լավատեսական են. ձգտում ենք տարեկան ապահովել կառավարության ծրագրով նախատեսված առնվազն հինգ տոկոս աճը: Հուսով ենք` չեն լինի այպիսի ցնցումներ, որոնք բացասական կազդեն զբոսաշրջիկների հոսքի վրա»,- նշեց Ապրեսյանը:

Հայաստան հիմնականում այցելում են Ռուսաստանից, Վրաստանից, Եվրոպական միության երկրներից, Իրանից և ԱՄՆ-ից: Մեխակ Ապրեսյանի փոխանցմամբ` այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է զբոսաշրջային այցերի նվազում: Երկրորդ եռամսյակում թեև գրանցվել է այցերի աճ, սակայն ոչ այնքան, որքան նախորդ տարիներին` հիմնականում պայմանավորված Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի նվազմամբ: «Ռուսական ռուբլու փոխարժեքի նվազումը բացասաբար է անդրադարձել այդ երկրի արտագնա զբոսաշրջության վրա»,- պարզաբանեց Ապրեսյանը:

Զբոսաշրջության վարչությունը համագործակցում է զբոսաշրջության դոնոր հանդիսացող Չինաստանի հետ` այդ երկրից զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու ակնկալիքով:«Հնարավորինս արվում է ամեն ինչ, որ Հայաստանը ճանաչելի լինի համաշխարհային շուկայում»,- նշեց վարչության պետը:- «Հայաստան են գալիս նաև հեռավորարևելյան երկրներից` Ճապոնիայից, Կորեայից, Չինաստանից, ինչպես նաև` Ինդոնեզիայից, Մալայզիայից, լատինաամերիկյան երկրներից: Ճանաչողական այցով մեր երկիր են եկել մոտ 36 օտարերկրյա լրատվամիջոցներ»:

2014 թվականին Հայաստան կատարած զբոսաշրջային այցերի թիվը կազմել է 1 մլն 203 հազար 746, որը 11.3 տոկոսով ավելի է 2013 թվականի ցուցանիշից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում