Գրիգոր Կյոկչյանը «Նոր ալիք»-ի երրորդ մրցութային օրը հավաքել է 98 միավոր
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք» երգի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը երրորդ մրցութային օրը հավաքել է 98 միավոր` 99 հնարավորից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երգիչը հոկտեմբերի 10-ին կատարել է աֆրիկյան մոտիվներով «Աֆրո» կոչվող ստեղծագործությունը, որի տեքստի հեղինակն ինքն է, երաժշտության հեղինակը Մարտին Միրզոյանն է: Գրիգոր Կյոկչյանի ելույթի տեսագրությունը հասանելի է դարձել համացանցում:
Գրիգոր Կյոկչյանը մրցութային առաջին օրը վաստակել է 85, իսկ երկրորդ օրը` 82 միավոր: Առաջին մրցութային օրը երգիչը կատարել է Boney M.-ի «Sunny», իսկ երկրորդ օրը IOWA-ի հետ ներկայացրել «Երկու աստղ» ստեղծագործությունը:
Ըստ «Նոր ալիք»-ի newwavestars.eu կայքի` Գրիգոր Կյոկչյանը 265 միավորով 9-րդ հորիզոնականում է, և իսկ հաղթողն է Damir Kedzo-ն` Խորվաթիայից:
Սոչիում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը, որին մասնակցում են 12 երկրների ներկայացուցիչներ:Այս տարի մրցույթը, որը բոլոր նախորդ տարիներին տեղի էր ունենում Յուրմալայում, առաջին անգամ անցկացվում է Սոչիում հոկտեմբերի 2-11-ը:Ժյուրիի կազմում ընդգրկվել էին ռուս եւ արտասահմանցի արտիստներ եւ երաժիշտներ, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Նիկոլաեւը, Վալերիան, Լեոնիդ Ագուտինը, Լայմա Վայկուլեն, Կոնստանտին Մելաձեն, Անի Լորակը, Անժելիկա Վառումը:
Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել2002 թվականին Յուրմալայում: Երաժշտական տոնի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական Նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում: