Կարծիքներ

Քաղաքագետը սահմանին լարվածություն ստեղծելու Ադրբեջանի քայլերը կապում է նավթի գների անկման հետ

2 րոպեի ընթերցում

Քաղաքագետը սահմանին լարվածություն ստեղծելու Ադրբեջանի քայլերը կապում է նավթի գների անկման հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ղեկավարությունը նավթի գների անկմանը զուգահեռ լարվածություն է ստեղծում հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, քանի որ այդպիսով հեշտ կլինի ադրբեջանական հասարակությանը բացատրել բնակչության կենսամակարդակի անկումը, շեղել հասարակության ուշադրությունը երկրում առկա բազմաթիվ խնդիրներից: Բացի այդ, Ադրբեջանի ղեկավարությունը հասկանում է, որ այս ժամանակահատվածում միայն կարող է պատերազմել, որովհետև հետագայում, կապված նավթի գների անկման հետ, նրանք այդքան փող չեն ունենալու պատերազմի մեջ մտնելու համար: Հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը:

«Նաև ես կարծում եմ, որ այս պահին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածություն առաջացնելու եղանակով փորձում է հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ենոքյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հակամարտության սկզբից մինչև վերջերս դեմ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական զորքի ներկայությանը, սակայն հիմա հասկանում է, որ այդ եղանակով կարող է ինչ-որ դրական արդյունքի հասնել հետագայում:

Սեպտեմբերին ադրբեջանական կողմը լարվածություն էր հրահրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` գնդակոծության թիրախում պահելով նաև ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը: Հայկական գյուղերը նյութական լուրջ վնասներ են կրել, դպրոցներում դասերն ընդհատվել էին, դաշտերում որոշ ժամանակով անվտանգության նկատառումներով կանգ էր առել գյուղատնտեսական աշխատանքը: Ադրբեջանական կրակահերթերից վիրավորվել են ինչպես զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ, իսկ Բերդավան և Պառավաքար գյուղերում երեք քաղաքացիական անձ է սպանվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում