Գիտնականներն ուսումնասիրում են Սևանի ավազանի ամենամեծ ուրարտական ամրոցներից մեկը` Օձաբերդը
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ և իտալացի հնագետները խոր ուսումնասիրություն են կատարում Սևանի ավազանի ամենամեծ ուրարտական ամրոցներից մեկում` Օձաբերդում (մ.թ.ա. 10-6-րդ դդ.): Այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը:
«Ծովինար հնագիտական հուշարձանը հայտնի է վաղուց և մի շարք մեծանուն հնագետներ և արևելագետներ աշխատել և ուսումնասիրություններ են կատարել: Այդ թվում Բորիս Պիոտրովսկին և Գեդեոն Միքայելյանը: Սակայն ուսումնասիրությունները եղել են փոքրածավալ և մինչ օրս ծավալուն ուսումնասիրություն չէր իրականացվել», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ`տեղեկացրեց Աշոտ Փիլիպոսյանը:
Հնագետը հավելեց, որ առաջին ծավալուն պեղումները մեկնարկեցին անցած տարի, երբ հայ-իտալական արշավախումբը սկսեց նախնական աշխատանքները, և արդյունքները հուսադրող են: «Այս ամրոցը հենակետի դեր էր կատարում դեպի Սոթքի ոսկու հանքեր տանող ճանապարհը, ինչպես նաև հենակետ էր Վարդենյանց լեռնանցքով դեպի Սևանի ավազան տանող ճանապարհի համար: Այսինքն` սա շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայր էր, և Սևանի տարածքում այն եզակի հուշարձաներից է, որտեղ ունենք սեպագիր արձանագրություն, և նույնիսկ գիտենք ամրոցի անունը` ի շնորհիվ Ռուսա Առաջինի», - ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, Օձաբերդի հայ-իտալական արշավախմբի համաղեկավար Միքայել Բադալյանը:
Գիտնականը մանրամասնեց, որ տեղանքի ընտրությունը շատ կարևոր էր, քանի որ Սևանի հարավային հատվածում պեղվել էին դամբարանային համալիրներ, սակայն շատ քիչ բնակավայրեր կան ուսումնասիրված: Նաև հնագետների համար շատ կարևոր էր հասկանալ ուրարտական մշակույթի և տեղականի փոխհարաբերությունների խնդիրը` մի հանգամանք, որը կարևոր է հայ հնագիտության համար:
«Նաև նպատակ կար ուսումնասիրելու ուրարտականից դեպի հետուրարտական ժամանակաշրջանի անցումային փուլը: Սա մեր հնագիտության գրեթե ամենաչուսումնասիրված և ամենակնճռոտ ժամանակաշրջաններից մեկն է` մի ժամանակաշրջան, երբ կազմավորվում է Երվանդունիների հայկական թագավորությունը», - նշեց համաղեկավար Միքայել Բադալյանը:
Պեղումները իրականացվել են երեք հատվածում` Օձաբերդի միջնաբերդի և ամրոցի տարածքներում, և ամրոցից դեպի հարավ տեղակայված հատվածում: Վերջինում գտնվել են հետուրարտական բնակավայրեր: Արշավախմբի անդամները պեղումների արդյունքները խոստումնալից են համարում` միջնաբերդում ֆիքսել են մի կառույց, որտեղ հարթեցրել էին հիմնաժայռը, իսկ մանրախճային հարթեցման վրա արված էր կավածեփ հատակ:
«Պեղումների արդյունքում, այս պահին կարող ենք հստակորեն ասել, որ հետուրարտական ժամանակահատվածում, թե միջնաբերդում, թե ամրոցում, թե բնակավայրում կյանքը շարունակվել է: Հայկական լեռնաշխարհում կան ուսումնասիրված բազմաթիվ ամրոցներ, դամբարանային համալիրներ, սակայն սա հազվադեպ օրինակներից է, երբ ուսումնասիրվել է նաև ամրոցի հետ պեղված բնակավայրը», - ասաց Միքայել Բադալյանը:
Ուսոմնասիրված բնակավայրի սենյակներից մեկում հայտնաբերվել են ուրարտական և նախաուրատական ժամանակաշրջանի շերտեր: Այն տեղեկություն է տալիս բնակավայրի պատմության վերաբերյալ: Գիտնականները ենթադրում են, որ բացել են միջնաբերդի փողոցներից կամ անցումներից մեկը: Այս կառույցի հատվածներից մեկը, ի դեպ, թվագրվում է հետուրարտական շրջանով, այսինքն այն հնարավորություն է տալիս ենթադրել միջաբերդի ամրություններից մեկի կիրառման ժամանակաշրջանը:
Ներկա պահին տեղանքում շարունակվում են հնաբուսաբանական, հնակենդանաբանական, գեոբուսաբանական, գեոմորֆոլոգիական ուսումնասիրությունները, որոնք կնպաստեն նոր տվյալների հայտնաբերմանը:
Oձաբերդի ամրոցը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Արծվանիստ եւ Ծովինար գյուղերի միջեւ` ծովի մակարդակից 1960 մետր բարձրության վրա: Ժամանակին՝ ընդհուպ մինչեւ Արփա-Սեւան ջրատար թունելի կառուցումը (1963-1981 թթ.) ամրոցի տարածքը լի է եղել օձերով, ինչի պատճառով էլ այն տեղացիների կողմից ստացել է Օձաբերդ անվանումը: Հուշարձանի ուսումնասիրությունները սկսվել են դեռեւս 1860-ական թվականներին՝ այն բանից հետո, երբ ամրոցի բլրի արեւմտյան քարաժայռերից մեկին հայտնաբերվել է Ուրարտուի արքա Ռուսա Առաջինի կողմից փորագրված արձանագրությունը: Քսան տողից բաղկացած այդ արձանագրության տեքստում ուրարտական միապետ Ռուսա I-ը տարածաշրջանում իր նվաճողական արշավանքների համատեքստում հաղորդում է տեղում պատերազմի աստծուն նվիրված քաղաք կառուցելու մասին: 20-րդ դարի սկզբներին այստեղ Ե. Լալայանի կողմից պեղվել են մի քանի դամբարաններ:
1934 թվականին Օձաբերդում պեղումներ են իրականացվել Բ. Պիոտրովսկու կողմից: Սակայն, հնագիտական աշխատանքները տեւել են ընդամենը մեկ տարի, եւ, ցավոք, դրանց արդյունքները հրապարակվել են միայն հաղորդումների կամ հուշերի տեսքով: Ըստ այդ հաղորդումների՝ 1934 թվականի հետախուզական պեղումների ժամանակ ֆիքսվել են ուրարտական եւ վաղ բրոնզեդարյան շերտեր: Օձաբերդի արևելյան եւ հարավարևելյան բլուրներին նշանավոր հնագետը ֆիքսել է ոչ մեծ չափերի հասնող դամբարաններ:
1960-ական թվականներին Օձաբերդում չափագրումներ է կատարել Գեդեոն Միքայելյանը, իսկ 1990-ականներին այստեղ վերգետնյա հնագիտական հետազություններ եւ չափագրումներ են իրականացվել Սեւանի ավազանի հայ-իտալական հնագիտական արշավախմբի կողմից : Արդյունքում արվել է հուշարձանի տեղահանույթը, ինչպես նաեւ կատարվել են վերգետնյա ուսումնասիրություններ, որոնց արդյունքում հավաքագրված տարաժամանակյա խեցեղենը վերաբերում է վաղ բրոնզի շրջափուլից մինչեւ զարգացած միջնադարը ներառող ժամանակահատվածին: