Կարծիքներ

Ադրբեջանը սահմանային լարվածությամբ կրկին փորձում է շեղել իր բնակչության ուշադրությունը ներքին խնդիրներից. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանը սահմանային լարվածությամբ կրկին փորձում է շեղել իր բնակչության ուշադրությունը ներքին խնդիրներից. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չի բացառվում, որ Ադրբեջանի նման հարձակողական ու ագրեսիվ վարվելակերպը հերթական անգամ սեփական երկրի բնակչության ուշադրությունը շեղելու փորձ է ներքին քաղաքական լարվածությունից և մոտակա ժամանակ ակնկալվող ադրբեջանական տարադրամի հերթական արժեզրկումից: Նման կարծիք սեպտեմբերի 28-ին լրագորղների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Այս տարվա ընքացքում Ադրբեջանի ֆինանսատնտեսական իրավիճակն ավելի վատ է քան, օրինակ, Ռուսաստանում՝ ելնելով նրանից, որ հիմնական եկամուտն Ադրբեջանը ստանում է նավթի վաճառքից: Իսկ համաշխարհային նավթային շուկայի արդի դրությունը գաղնիք չէ, որ մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի տնտեսական իրավիճակի վրա: Բնականաբար, այդ իսկ պատճառով Իլհամ Ալիևը կարող էր գնալ սահմանին լարվածության բարդացմանը, որպեսզի երկրի ներքին ուշադրությունը կրկին շեղի դեպի սահման», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետը նաև չբացառեց, որ Ադրբեջանը, շարունակելով մնալ արևմտյան ուժերի քննադատության ներքո, այսպիսով փորձում է համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել երկրում մարդու իրավունքների ոտնահաման խնդիրներից:

«Չնայած աննախադեպ ծանր հրետանիի կիրառմանը, դա չի նշանակում, որ իրավիճակը մոտակա կարճ ժամանակահատվածում կբերի լայնամասշտաբ պատերազմական իրավիճակի: Իրականում վերջին տասնամյակների համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներ կարող են լինել թշնամի երկրների միջև, սակայն չբերեն լայնամասշտաբ գործողությունների», - հավելեց Սերգեյ Մինասյանը:

Սահմանին Ադրբեջանի կողմից ստեղծված լարումը, քաղաքագետի կարծիքով, ավելացնում է նյարդայնությունը Հայաստանի և Արցախի ներսում, հասարակական կարծիքը կտրուկ փոխվում է, և այն ևս պետք է մտահոգիչ լինի Ադրբեջանի համար:

«Եթե նախորդ տարիների կամ ամիսների ընթացքում Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը փորձում էր անել ամենը, որպեսզի չծագի հետագա լարվածությունը, ապա հասունանում է պահը, երբ հայկական կողմը մտածում է` արդյոք զսպումը լավագույն տարբերակն է, թե հայկական կողմերը պետք է փորձեն օգտագործեն ռազմական կամ քաղաքական կանխարգելող քայլեր՝ օգտվելով այն իրավիճակից, որ Ադրբեջանը փաստացի պատրաստ չէ սկսելու հաղթական պատերազմ: Սակայն մեր կորուստների քանակները չեն բացառում, որ մենք կարող ենք անցնել ավելի կոշտ գործողությունների», - ասաց Սերգեյ Մինասյանը:

Վերջում քաղաքագետը հիշեցրեց, որ հայկական կողմը որպես զսպման միջոց նաև փորձել է կիրառել ԼՂՀ-ի ճանաչման գործընթացի սկսումը, որը լուրջ զգուշացում է ադրբեջանական կողմին, որ ռազմական գործողությունների մեկնարկի դեպքում հայկական կողմը ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական պատասխան կտա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում