Կարծիքներ

Սահմանադրական յուրաքանչյուր բառ իր մեջ տրամաբանություն է պարունակում. Ամո Շարոյան

9 րոպեի ընթերցում

Սահմանադրական յուրաքանչյուր բառ իր մեջ տրամաբանություն է պարունակում. Ամո Շարոյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանն իր կարծիքն է արտահայտել Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Ամո Շարոյանի դիտարկումներն ամբողջությամբ:

«Սահմանադրական փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար»: ՀՀ գործող Սահմարադրության 41-րդ հոդվածի համաձայն, «Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձիք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակութի պահպանման և զարգացման իրավունք»:

Նշված Սահմանադրական նորմի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ-ում երաշխավորվում են ազգային փոքրամասնությունների այնպիսի ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող իրավունքներ, ինչպիսիք են կրոնական, լեզվական և մշակույթային կյանքին մասնակցելու իրավունքը: Նախատեսված երաշխիքները, կարելի է ասել, անվերապահորեն կատարվում են մեր հանրապետությունում: Սահմանադրական բարեփոխումների նոր նախագծում նույն նորմը պարունակում է 54-րդ հոդվածը, որի 3-րդ կետով սահմանվում է, որ սույն հոդվածով երաշխավորված իրավունքների իրականացումը կարգավորվում է օրենքով: Այսինքն, կընդունվի օրենք ազգային փոքրամասնությունների և նրանց հարաբերությունների համապարփակ կարգավորման վերաբերյալ: Սական, ոչ պակաս կարևորություն, իսկ երբեմն նույնիսկ հրատապություն է ներկայացնում այն հիմնախնդիրը, որը վերաբերվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից իշխանությունների իրականացմանը մասնակցելու լրացուցիչ երաշխիքներ սահմանելուն:

Մենք բոլորս էլ քաջ գիտենք, որ Հայաստանի տարածքում ազգամիջյան հարաբերությունների ամբողջ պատմությունը հավաստել է, որ հայերն ավանդաբար բարյացակամ, հանդուրժող վերաբերմունք են ունեցել ազգային փոքրամասնությունների հետ և խտրական որևէ վերաբերմունք չեն դրսևորել նրանց նկատմամբ: Հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության մասին ոչ մի պատմաբան և ազգագրագետ բացասական որևէ բան չի արձանագրել, ոչ թե չի ուզել, այլ որովհետև չի եղել, և, հավատացած եմ, որ երբեք էլ չի լինի: Մեր հանրապետությունը փոքր է, և բոլորս էլ պարզ տեսնում ենք, որ մեր ներկայացուցիչը չկա ազգային ժողովում և կառավարությունում, որն ինչ-որ տեղ խախտում է պաշտոններ ստանձնելու հավասար պայմանների ապահովման սահմանադրական դրույթը: Եվ մեր իրականությունը լիարժեք չի արտացոլում մեզ ընձեռված իրավունքների կատարումը:

Մեր երկրում օրենսդրական ակտերում խտրականություն չկա, բայց պետք է ընդունել, որ ազգային փոքրամասնությունների իրավական վիճակի հետ կապված ամենամեծ իրավական բացը հստակ իրավական երաշխիքների բացակայությունն է: Առանց նման պայմանների ստեղծման, հավատացեք, անգամ ամենաժողովրդական երկրներում ազգային փոքրամասնությունները որևէ հաջողության չեն հասնի: Մենք բոլորս էլ քաջ գիտենք, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ պետական քաղաքականության իրականացման հիմնական առանցքը ՀՀ Սահմանադրությունն է:

Փառք Աստծո, Սահմանադրության նոր նախագիծը լրացնում է այդ բացը, հստակ քաղաքականություն մշակում: Նպաստում է ազգային փոքրամասնությունների փաստացի հավասարության խթանմանը, որի համար մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր երկրի ղեկավարությանը և հանձնաժողովին նման քաղաքական որոշում կայացնելու համար:

Սահմանադրության նոր նախագիծը շատ ու շատ հարցերում համապատասխանում է մեր միավորման պատկերացումներին, և մենք ամենայն պատասխանատվությամբ կմասնակցենք սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկմանը: Մենք հավատացած ենք, որ խորհրդարանական համակարգին (որն ավելի ժողովրդավար կառավարման ձև է) անցնելով` հիմքեր կստեղծվեն մեր երկրի առջև ծառայացած խնդիրների լուծման համար: Մենք շատ լավ գիտենք, որ Սահմանադրության մեր կյանքի հիմնական օրենքում հնարավոր չէ ամեն ինչ սահմանել, դրա համար էլ Սահմանադրությունում շեշտվում է, որ յուրաքանչյուր հոդվածով երաշխավորված իրավունքների իրականացումը կարգավորվում է օրենքով.:

Բոլոր այն շահարկումները և մեկնաբանությունները, որ սահմանադրության նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետը ոչ ժամանակին է կամ անհրաժեշտ չէ, անտեղի են: Նույնիսկ գտնվել են այնպիսիք, որոնք առանց Սահմանադրական նախագծի բովանդակային քննարկման գտնում են, որ պետք է մերժել այդ դրույթը: Նրանց խորհուրդ կտայի գոնե լռեին և իրենց կարծիքն արտահայտեին միայն Սահմանադրության նախագիծը լրիվ ուսումնասիրելուց հետո, մասնագիտորեն: Ես գտնում եմ, որ այդ հոդվածով սահմանադրորեն ամրագրվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների գլխավոր հարցերից մեկը, մեր երկրում օրինաստեղծ գործունեությանը մասնակցելու իրավունքը, պետություն չունեցող էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ մեր հանրապետության և հայ ժողովրդի առավել ուշադրության ապահովման երաշխիքը: Այս նորմի սահմանմամբ մեր պետությունը ևս մեկ անգամ ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը և հավասար պայմաներ են ստեղծում իր քաղաքացիների համար երկրի իշխանության մարմիններում ընդգրկվելու: Այն անրաժեշտություն է ազգային փոքրամասնությունների կարգավիճակից բխող հարաբերությունների կարգավորումն ապահովելու համար: Մեր պետության կողմից նման վերաբերմունքը ժամանակին է և միայն գնահատանքի է արժանի:

Սահմանադրությունը ոչ թե որևէ պաշտոնիայի կամ քաղաքական ուժի համար է, այլ ժողովրդի և մեր սերունդների համար է: Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայում պարզ գրված է, որ կողմերը պարտավոր են ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի ազգային փոքրամասնությունները ոչ թե միայն իրավունք ունենան, այլ նաև հնարավորություն` մասնակցելու պետության կառավարմանը:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, մասնավորապես 21-րդ հոդվածում, սահմանված է, որ յուրաքանչյուր ոք իր երկրում պետական ծառայության մտնելու հավասար հնարավորության իրավունք ունի:

Մենք բոլորս էլ գիտենք, որ 1991թ. անկախության նվաճումից հետո Հայաստանը որդեգրել է համաշխարհային և Եվրոպական կառույցների ինտեգրվելու և քաղաքակիրթ պետությունների հանրության լիիրավ անդամ դառնալու քաղաքականություն: Իսկ միջազգային պայմանագրերը ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են:

Տարբեր մեխանիզմների ընդունմամբ, հատուկ քաղաքականության մշակմամբ, ինչպիսին է քվոտաների ընձեռումը, նոր գաղափարների և մոտեցումների իրականացմամբ, հավատացած եմ, որ որակապես և սկզբունքորեն կփոխվի հանրության վերաբերմունքը ազգային փոքրամասնություների նկատմամբ և Սահմանադրական փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետը կհարգվի և կպաշպանվի յուրաքանչյուրի կողմից ում համար թանկ է մեր երկրի միջազգային վարկը, ազգային փոքրամասնություններրի ներկայացուցիչներին մեր երկրի իշխանության մարմիներում տեսնելու ցանկությունը:

Կարևորելով սահմանադրական բարեփոխումները և նրանում տեղ գտած համակարգային լուրջ փոփոխությունները` մենք «այո» ենք ասում Սահմանադրության նախագծի բարեփոխումների ընդունմանը: Հավատացած ենք, որ հետևողական և բովանդակային քննարկում ծավալելու դեպքում սահմանադրական բարեփոխումների նախագծի ընդունումը հավանական ու սպասելի է»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում