Սփյուռք

Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ Դը Ազյուրի նահանգը ցանկանում է Լոռու մարզում զբոսաշրջության կենտրոն հիմնել

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ Դը Ազյուրի նահանգը ցանկանում է Լոռու մարզում զբոսաշրջության կենտրոն հիմնել

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ Դը Ազյուրի փոխնահանգապետ Պատրիկ Ալմանն սեպտեմբերի 23-ին այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն` ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության 1-ին քարտուղար Նիկոլա Ֆայի ուղեկցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկավության և հեռահաղորդակցության վարչությունից, զրույցի ընթացքում փոխնահանգապետը նախարար Հրանուշ Հակոբյանին տեղեկացրել է, որ Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ Դը Ազյուրի նահանգը, համագործակցելով Հայաստանի Լոռու մարզի հետ, հետաքրքրված է պատմամշակութային ժառանգությամբ հարուստ այդ շրջանում զբոսաշրջության զարգացմամբ և ցանկություն ունի Լոռիում հիմնել հայկական ինքնության զբոսաշրջության յուրահատուկ կենտրոն: Իրենց ծրագրում նախատեսված է նաև գյուղատնտեսական մթերքների արտադրության ընդլայնում և համատեղ ֆերմերային տնտեսությունների հիմնում:

Նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հյուրերին, գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիան այն երկիրն է, որի հետ Հայաստանն առանձնահատուկ ջերմ հարաբերություններ ունի բոլոր ոլորտներում: Նախարարը բարձր է գնահատել Լոռու մարզում զբոսաշրջության զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ նման նախաձեռնությունները կնպաստեն նաև փոքր բիզնեսի զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և ապակենտրոնացմանը:

Փոխնահանգապետ Պատրիկ Ալմանը շնորհակալություն է հայտնել նախարար Հակոբյանին և ընդգծել, որ իրենց նախաձեռնությունը մեծապես պայմանավորված է Ֆրանսիայում ապրող հայության վարկանիշով և նրանց հանդեպ տածած խոր հարգանքով:

Երկուստեք կարևորվել են առանձին մարզերի և քաղաքների միջև ստեղծվող բարեկամության և համագործակցության նախաձեռնությունները, փոքր բիզնեսի զարգացմանը, ֆրանսերենի ուսուցմանը նպաստող ծրագրերի ընդլայնումը:

Զրույցի ընթացքում նախարարը պատասխանել է փոխնահանգապետ Պատիկ Ալմանին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին նախարարության գործառույթներին և սիրիահայության հիմնախնդիրներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում