ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունների բյուջեն ավելի փոքր կլինի, քան Լոնդոնի 2012 թվականի խաղերինն էր: «Մեզ մոտ չեք գտնի շքեղություն, փոխարենը կլինի յուրօրինակ: Մենք ավելի քիչ գումար կծախսենք, բայց կունենանք ստեղծագործական մոտեցում: Կարիք չկա հսկայական ծախսեր կատարել մի երկրում, որը տնտեսական խնդիրներ ունի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման կարծիք է արտահայտել Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի տնօրեն Լեոնարդու Կաետանուն:
Ըստ բրազիլական ԶԼՄ-ների` Օլիմպիական խաղերի, Պարալիմպիկ խաղերի բացման և փակման արարողությունների վրա կամզկոմիտեն կծախսի մոտ 127 միլիոն բրազիլական ռեալ, որը կազմում է 32 միլիոն դոլար: Այս թվերը, սակայն, դեռ չեն հաստատվել Օլիմպիական խաղերի կազմակերպիչների կողմից:
Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-21-ը` 17 օրերի ընթացքում, աշխարհի 205 երկներից, մոտ 10 հազար 500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: Ռիոյի Օլիմպիական խաղերն առաջին խաղերն են, որ անցկացվում են Հարավային Ամերիկա մայրցամաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանա, Մարականա, Դեոդորո և Բարա: Խաղերի ընթացքում կարող են վաճառվել ավելի քան 7,5 միլիոն տոմս: