Սփյուռք

Իրանի դեսպանը լավատես է հայ-իրանական հարաբերությունների ապագայի հարցում

2 րոպեի ընթերցում

Իրանի դեսպանը լավատես է հայ-իրանական հարաբերությունների ապագայի հարցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել հայ-իրանական հարաբերությունների ասպարեզում ունեցած նրա ներդրումը և երախտագիտություն հայտնել պաշտոնավարման ընթացքում իրանահայության հետ նախարարության իրականացրած համայնքային ծրագրերին և այլ ձեռնարկներին աջակցելու համար:

«Ուրախ և երախտապարտ եմ արդյունավետ համագործակցության և այն անկեղծ վերաբերմունքի համար, որ ցուցաբերել եք Դուք Հայաստանի և հայության հանդեպ, - նշել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ ապագայում ևս նա իր իմացություններով կնպաստի հայ-իրանական կապերի զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ խոսքերի և գնահատանքի համար՝ դեսպան Մուհամմադ Ռեիսին ասել է, որ մեծ հարգանք ու սեր է տածում հայ ժողովրդի հանդեպ և ուրախ է, որ մի քանի տարի հնարավորություն է ունեցել ծառայել երկու բարեկամ երկրների հարաբերությունների սերտացման գործին: Նա շեշտել է, որ ավելի քան լավատես է իրանահայկական հարաբերությունների ապագայի հանդեպ, քանի որ այն ունի մեծ ներուժ և հիմնված է դարերի փորձառության վրա:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է այն հանգամանքը, որ այս դժվար տարածաշրջանում Իրանը և Հայաստանը պահպանում են բարիդրացիական անկեղծ հարաբերություններ, ինչը մեծապես նպաստում է տարածաշրջանի խաղաղությանն և կայունությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում