Սփյուռք

Իտալիայի Ֆորլի քաղաքում կայացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ

2 րոպեի ընթերցում

Իտալիայի Ֆորլի քաղաքում կայացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Ֆորլի քաղաքի Սան Դոմենիկո համերգասրահում սեպտեմբերի 16-ին կայացել է Էմիլիա Ռոմանիա երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» պետական կամերային երգչախմբի ելույթով: Համերգը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը նախքան համերգը հանդիպում էր ունեցել Ֆորլիի քաղաքապետ Դավիդե Դրեյի հետ և քննարկել տեղական ինքնակառավարման մակարդակով հայ-իտալական կապերը զարգացնելու հնարավորությունները:

Համերգի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել դեսպան Սարգիս Ղազարյանը և Ֆորլիի քաղաքապետ Դավիդե Դրեյը: Դեսպանը խոսել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի, հայ և իտալացի ժողովուրդների դարավոր բարեկամության, իտալահայ համայնքի մասին: Քաղաքապետ Դավիդե Դրեյն իր ելույթում կարևորել է ցեղասպանությունների կանխարգելումը՝ այդ նպատակով անհրաժեշտ համարելով հիշողության պահպանումը:

Համերգում հնչել են հայ և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համերգին ներկա են եղել փառատոնի ղեկավար Մասսիմո Մերչելլին, Ֆորլիի քաղաքական, մշակութային ու հասարակական շրջանակների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Դեսպան Սարգիս Ղազարյանը հարցազրույց է տվել RAI հանրային հեեռուստատեսության նահանգային ծառայությանը: Համերգը լայնորեն լուսաբանվել է իտալական մամուլում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում