ՀՀ Նախագահը շրջայց կատարեց 65 ուսանող ընդունած Մոսկվայի պետհամալսարանի Երևանի մասնաճյուղում

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի նորաբաց մասնաճյուղն իր դռերը բացել է 65 ուսանողի համար, որոնցից 15-ը սովորում են պետպատվերի հիմունքներով: Սեպտեմբերի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց համալսարան, շրջայց կատարեց նորաբաց կրթական համալիրում, ծանոթացավ շենքային պայմաններին, կահավորված դասասենյակներին, գրադարանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համալսարանի նիստերի դահլիճում կայացավ միջոցառում, որին մասնակցում էր Նախագահ Սերժ Սարգսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, այլ պաշտոնյաներ, ներկա էր Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյը, երևանյան մասնաճյուղի տնօրենը, ուսանողադասախոսական կազմը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ մոսկովյան համալսարանի երևանյան մասնաճյուղի բացումը կբերի մրցակցություն, որն էլ կապահովի բարձրագության կրթության որակի աճ: «Ակնհայտ է, որ ուսանողների համար պայքար է գնալու, Հայաստանը հարստանալու է ևս մեկ կրթական ծառայություն մատուցող օջախով: Ինձ համար դա ուրախալի է, քանի որ դա բերելու է կրթության որակի հետևողական աճի: Ուսանողները ցանկանում են ընտրել լավագույնը, ակնհայտ է, որ Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղը դառնալու է մրցակցություն բերող, կրթության նոր ստանդարտներ, որակներ ապահովող բուհ»,-նկատեց նախարարը:

Բերելով Հայաստանում գործող Ամերիկյան և Ֆրասնիական համալասարնների օրինակը, Արմեն Աշոտյանը նշեց, որ դրանք դարձան հայաստանյան կրթական ներկապնակի հետաքրքիր երանգներից մեկը: «Ես հույս ունեմ, որ ՄՊՀ-ի երևանյան մասնաճյուղը կհարստացնի մեր կրթապնակը ևս մեկ պայծառ գույնով: Ի վերջո այս ամենից շահելու է հասարակությունը, տնտեսությունը»,-ավելացրեց Արմեն Աշոտյանը: Նրա դիտարկմամբ` համալսարանի բացումը նաև հայ-ռուսական հումանիտար համագործակցության ամենակարևոր նախաձեռնություններից մեկն է:

Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյի խոսքով` համալասրանները յուրաքանչյուր երկրի ապագան են, քանի որ այստեղ են կրթություն ստանում մեծ հավակնություններ ունեցող երիտասարդներ: «Նրանք հետագայում կաշխատեն իրենց երկրի բարեկեցության, քաղաքակրթության, գիտության առաջընթացի համար: Դրա համար է, որ պետություններն ադքան կարևորում են իրենց համալսարանների գոյությունը»,-ասաց ՄՊՀ ռեկտորը:

Նա նշեց, որ գոհ է երևանյան մասնաճյուղի թե’ շենքային պայմաններից, թե’ կահավորումից և թե’ դասավանդման որակից: «Լավ տպավորություն թողեց մեզ վրա այս մասնաճյուղը, այստեղ կան լավ պայմաններ բարձրակարգ կրթություն ստանալու համար, գրադարանն է շատ լավը: Այն ամենաժամանակակիցներից մեկն է»,-շեշտեց Վիկտոր Սադովնիչիյը:

Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի գործադիր տնօրեն Արման Զարգարյանը նշեց. «Մեր կատարած նախապատրաստական աշխատանքները բավականին դրական ենք գնահատում և 65 ուսանող ունենալը նվաճում ենք համարում: Տարեկան ակնկալում ենք ավելի քան 100 ուսանող ընդունել` չնայած ավելի մեծ թվով ուսանողներ ունենալու ծրագրեր էլ կան: Ուսումնական պայմանները, մասնաշենքի կահավորվածությունը թույլ է տալիս շատ ավելի մեծ թվերով ուսանողներ ունենալու մասին խոսել»:

Արման Զարգարյանի տեղեկացմամբ` ուսման վարձերն` ըստ ֆակուլտետների տարբերվում են, ամենացածրը` 1 միլիոն 500 հազար դրամ է տարեկան, ամենաբարձրը` 1միլիոն 8 հազար դրամ: «Այն, որ Երևանի մասնաճյուղը գործում է Մոսկվայի պետական համալսարանի ուսումնական ծրագրի համաձայն, դասընթացներն իրականցնում են հիմնականում մոսկովյան համալսարանի կողմից գործուղված դասախոսները, ապա վարձի չափը գտնում ենք խելամիտ ու նպատակահարմար»,-ավելացրեց տնօրենը:

Նա նշեց, որ իրենց ուսանողներն աշխատաշուկայում կլինեն ավելի մրցունակ ու հմուտ մասնագետներ:

ՄՊՀ երևանյան մասնաճյուղի Լեզվաբանության ֆակուլտետի ուսանող Արման Վարդանյանը համալսարանի մասին տեղեկացել է գովազդի միջոցով, այնուհետև ծանոթացել է ուսումնական գործընթացի մանրամասներին ու որոշել ընդունվել հենց այստեղ: «Ընտրեցի այս համալսարանը, որովհետև կրթությունն այստեղ որակյալ է, ու դիպլոմն ընդունվում է համարյա ամբողջ աշխարհում, ապագան ավելի բարեկեցիկ կլինի: Ընտրել եմ լեզվաբանության ֆակուլտետը, որովհետև լեզուներ շատ եմ սիրում»,-ասաց ուսանողը` ավելացնելով, որ դասապրոցեսը բավականին խիստ է ու արդյունավետ:

2015 թվականին Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը ՀՀ ԿԳՆ-ից ստացել է բակալավրի և մագիստրոսական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիա: ՀՀ կառավարության որոշմամբ` մասնաճյուղին տրամադրվել է 15 պետական պատվերով տեղ` տարկետման իրավունքով:

ՄՊՀ երևանյան մասնաճյուղում ընդունելության գործընթացին մասնակցել է 101 ուսանող, բուհի ուսանող է դարձել 65-ը, 15-ը սովորում է պետպատվերի, 50-ը` պայմանագրային հիմունքներով: Դասընթացներն անցկացվում են հինգ մասնագիտություններով` կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, իրավագիտություն, լրագրություն, լեզվաբություն և միջազգային հարաբերություններ: Պետպատվերի տեղերը բաշխվել են հետևյալ կերպ` կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա` 8 տեղ, լեզվաբանություն 4 տեղ, լրագրություն` 3 տեղ:

Ուսուցումն իրականացվում է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ուսումնական ծրագրերով` ապահովելով բակալավրի և մագիստրատուրայի միասնական ուսուցում: Ուսման տևողությունը բակալավրիատում 4 տարի է, իսկ մագիստրատուրայում` 2 տարի:

Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման հիմքը դրվել է 2011 թվականի հոկտեմբերի 24-ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՄՊՀ ուսանողների մոսկովյան հանդիպման ժամանակ: Այդ օրը ՄՊՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ ՀՀ նախագահին շնորհվել է ՄՊՀ-ի Պատվավոր պրոֆեսորի կոչում:

ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյը Սերժ Սարգսյանին հանձնել է համապատասխան դիպլոմն ու մեդալը` Ռուսաստանի ու Հայաստանի միջև կապերի ամրապնդման, հայ ու ռուս ժողովուրդների գիտության ու կրթության զարգացման և ՄՊՀ-ի հետ արդյունավետ համագործակցության գործում ունեցած մեծ ավանդի համար:

Հայերեն العربية English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա