ՀՀ քրեական նոր օրենսգիրքը փոփոխություններ է նախատեսում անչափահասների քրեական պատասխանատվության հարցերով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը գործող օրենսգրքի մի շարք հիմնարար դրույթներում փոփոխություններ կատարելու հետ մեկտեղ ուղղված կլինի նաև պատժի համակարգի կատարելագործմանը` հատկապես անչափահասների քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքում:

Ներկա պահին ամբողջ աշխարհում նկատվող միտումներից մեկն է ազատազրկմանն ու քրեական պատժին այլընտրանք հանդիսացող միջոցների ներդրումն ու կիրառումը: Հայտնի փաստ է, որ ոչ միշտ է ազատազրկումը նպաստում հանցանք կատարած անձի ուղղմանը և նրա վերասոցիալականացմանը: Այլընտրանքային միջոցների կիրառումը` տնային կալանք, ազատության սահմանափակում, հանրային իրավունքներից զրկում, ծնողական իրավունքներից զրկում, օտարերկրյա քաղաքացուն ՀՀ տարածքից վտարում (ՀՀ-ում արդեն ընթացքի մեջ է պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագիրը), թույլ են տալիս ապահովելու վերը նշված նպատակները` հասարակական հարաբերությունները զերծ պահելով ավելորդ քրեականացումից:

Անչափահասների քրեական պատասխանատվության և պատժի հարցերին անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել: Ըստ առաջնահերթության` այս կատեգորիայի անձանց նկատմամբ քրեաիրավական ներգործության հիմնական տեսակները պետք է համարել դաստիրակչական բնույթի հարկադրանքի միջոցները, պայմանական դատապարտումը և պատիժը: Պատժի միջոցի ընտրության հիմքում նախևառաջ պետք է դրվեն անչափահաս հանցագործի անձը բնութագրող բարոյահոգեբանական, ֆիզիոլոգիական, սոցիալ-դերային առանձնահատկությունները, այլ ոչ թե օբյեկտիվ հանգամանքները, այդ է` հանցագործության տեսակը, պատճառված վնասի չափը և այլն:

ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգով առաջարկվում է վերանայել անչափահասների նկատմամբ կիրառվող դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների քրեական գործող օրենսգրքով նախատեսված ցանկը` այն ընդլայնելու և ավելի հստակեցնելու համար:

«ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում է սահմանափակել հանցանք կատարած անչափահասների նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու հնարավորությունները. Հայեցակարգով առաջարկվում է առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անչափահասի նկատմամբ, անկախ տարիքից, որոշակի ժամկետով ազատազրկում չնշանակել: Անչափահասի ազատազրկումը պետք է դիտարկվի որպես պատժի ծայրահեղ միջոց, երբ ակնհայտ է, որ ոչ մի այլ պատժի միջոց չի կարող դրական արդյունք տալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգում:

Մի շարք արտասահմանյան երկրների քրեական օրենսդրության վելուծությունը ցույց է տալիս, որ 18-21 տարեկան երիտասարդները կազմում են ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող սոցիալական խումբ, քան անչափահասները. առաջարկվում է ՀՀ քրեական մոր օրենսգրքի հայեցակարգով 18-21 տարեկան երիտասարդների քրեական պատասխանատվության ու պատժի առանձնահատկությունները կարգավորել առանձին գլխով:

ՀՀ կառավարությունը 2015 թվականի հունիսի 4-ին հավանություն տվեց ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգին: Նոր հայեցակարգով կբարձրանա մարդու իրավունքների քրեաիրավական պաշտպանվածության մակարդակը, կբացառվեն հանցագործությունների որակման կանոնների սահմանման և հանցակազմերի հստակ ձևակերպման միջոցով քրեաիրավական նորմերի սխալ կիրառումը, դատական սխալները, կբարձրանա պատժի նշանակման կանոնների սահմանմամբ` պատժի արդյունավետության մակարդակը:

Միաժամանակ, այլընտրանքային պատժատեսակների ցանկի ընդլայնմամբ` ազատությունից զրկելու հետ կապված պատժատեսակների նշանակման ծավալներն էականորեն կնվազեն, կկատարելագործվեն քրեական պատասխանատվությունից ու պատժից ազատելու ինստիտուտները, կստեղծվեն հանցանք կատարած անձի ուղղման և վերասոցիալականացման նպատակի իրագործման արդյունավետության նախադրյալներ:

Բացի այդ, հայեցակարգը կնպաստի նաև քրեական օրենսդրության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովմանը:

Հայերեն

Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի

Աշխատանքի տոնավաճառ. ի՞նչ թափուր հաստիքներ են առաջարկում գործատուները

Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը կազմում է օրական 1 միլիարդ եվրո. ֆոն դեր Լայեն

Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները