Հասարակական

Կյանքից հեռացել է Լենինգրադի բլոկադան վերապրած հայաստանաբնակ ամենատարեց մարդը՝ Ռուզաննա Լալայանը

2 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է Լենինգրադի բլոկադան վերապրած հայաստանաբնակ ամենատարեց մարդը՝ Ռուզաննա Լալայանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 96-րդ տարում մահացել է Լենինգրադի բլոկադան վերապրած հայաստանաբնակ ամենատարեց մարդը՝ Ռուզաննա Լալայանը: Նա ապրել է հագեցված և հետաքրքիր կյանք:

Նա ծնվել էր 1919թ. Թբիլիսիում, հայտնի երկաթուղային Լևոն Լալայանի ընտանիքում: Դպրոցն ավարտելուց հետո Ռուզաննան քրոջ Սոֆյայի հետ ընդունվել է Լեինգրադի 2-րդ բժշկական ինստիտուտ: Բուհն ավարտելը համընկավ Հայրենական Մեծ պատերազմի մեկնարկի հետ, և քույրերը որոշեցին կամավոր բանակ գնալ՝ դառնալով ռազմական բժիշկներ: Պատերազմի մեկնարկի արդեն 5-րդ օրը երկու հայուհի երիտասարդ բժիշկները, գրանցվեցին Կիրովի առաջին աշխարհազոր, որից հետո քույրերը ծառայեցին հայտնի 42-րդ բանակի հրաձգային գնդերից մեկում:

Ողջ բլոկադան Ռուզաննան և Սոֆյան աշխատել են Լենինգրադյան ռազմաճակատի տարբեր հատվածներում որպես բժիշկ-վիրաբույժներ: Ռուզաննան անձամբ էր վիրահատել և խնամել հայտնի ռուս բանաստեղծ Միխայիլ Դուդինին: Հետագայում, մոտ չորս տասնամյակ անց, հայտնի ռուս բանաստեղծը չէր մոռացել երիտասարդ հայուհուն: Իր ողջ կյանքում նա երազել էր հանդիպել իր փրկչին: Այս հանդիպումը տարիներ անց իրականություն դարձավ:

Պատերսզմից Ռուզաննան վերադարձավ միայնակ՝ նրա քույրը զոհվել էր Լենինգրադի բլոկադայի լուծարումից մի քանի օր առաջ: Ռուզաննա Լալայանը 1946թ. բնակություն հաստատեց Երևանում, ուր երկար տարիներ աշխատում էր Օրթոպեդիայի և վերականգնողական վիրաբուժության ինստիտուտում, որտեղ բուժում էր Հայաստան տարհանած վիրավոր զինվորներին:

Այնուհետ նա տեղափոխվեց Բժիշկների վերապատրաստման ինստիտուտ, որտեղ ստեղծեց ինստիտուտի թանգարանը և այստեղից էլ գնաց արժանի հանգստի:

Բժշկական գիտությունների թեկնածու, Հայաստանի վաստակավոր բժիշկ Ռուզաննա Լալայանը արժանացել էր Հայրենական պատերազմի առաջի կարգի, Կարմիր աստղի շքանշանների, ինչպես նաև տասնյակ այլ ռազմական մեդալների:

Նա վարում էր ակտիվ կյանք, հաճախ հանդիպում երիտասարդների հետ, պատմում պատերազմի և հայրենասիրության մասին: Նույնիսկ մեծ տարիքում նա երբեք չէր մերժում հանդիպման առաջարկը, նամանավանդ ֆաշիզմի դեմ հաղթանակած պատերազմի ավարտի հոբելյանական տարում:

Լևոն Ազրոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում