Սփյուռք

Մերձավոր Արևելքի փոքրամասնությունների խնդրով Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ցույց կանցկացվի

3 րոպեի ընթերցում

 Մերձավոր Արևելքի փոքրամասնությունների խնդրով Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ցույց կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծայրահեղական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության, ինչպես նաև Արևելքում իսլամիստական շարժումների դեմ պայքարում Թուրքիայի կողմից տարվող երկակի խաղը դատապարտող բողոքի ցույցը տեղի կունենա Փարիզում Թուրքիայի դեսպանատան առջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, բողոքի ակցիան տեղի կունենա սեպտեմբերի 7-ին, Ֆրանսիայի ժամանակով 18:30-ին «Արևելքի քրիստոնյաները վտանգի մեջ են» խմբի նախաձեռնությամբ:

Բողոքի ցույցը նախատեսված է իրականացնել Ֆրանսիայի արտգործնախարարության նախաձեռնությամբ Արևելքի քրիստոնյաների առջև ծառացած հիմնախնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանսի նախօրեին, որին հրավիրված է նաև Թուրքիան:

Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների խորհուրդը (CCAF), որի անդամները ևս կմասնակցեն բողոքի ցույցին և ելույթ կունենան դրա ժամանակ, նշել են, որ Թուրքիան տեղ չունի նման կոնֆերանսում: «Թուրքիան, որը մեղավոր է հայերի և ասորիների ցեղասպանության համար, սակայն հրաժարվում է ճանաչել իրականացրածը, մեկ դար անց հանցակիցն է Արևելքի քրիստոնյաների, եզդիների և այլ փոքրամասնությունների ցեղասպանությունների: Նրա կեղծ հայրենասիրությունը ծայրահեղական շարժումների դեմ պատերազմում խաբկանք է: Թուրքական ռմբակոծությունները հիմնականում ուղղված են քրդերի դեմ, ովքեր իրականում պայքարում են Իրաքի և Սիրիայի ահաբեկչական խմբավորումների դեմ: Մենք հերքում և դատապարտում ենք Թուրքիայի երկակի խաղը»,- ասվում է CCAF-ի հայտարարության մեջ:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ այս տարվա սեպտեմբերի 8-ին Փարիզում կգումարվի միջազգային կոնֆերանս` նվիրված Արևելքի քրիստոնյաների առջև ծառացած հիմնախնդիրներին, մասնավորապես Իրաքում և Սիրիայում ծավալվող իրադարձությունների համատեքստում: Կոնֆերանսին մասնակցելու են ավելի քան 60 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրաքից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպություններից, մասնավորապես ՄԱԿ-ից: Իր ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսի հետ կոնֆերանսը համանախագահելու է Հորդանանի արտաքին գործերի նախարար Նասեր Ջուդեհը: Ակնկալվում է, որ կոնֆերանսի արդյունքում կընդունվի «Փարիզի պլանը», որում կուրվագծվեն Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին օժանդակության հիմնական ուղիները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում