Քաղաքականություն

Որքան արագ մեծացնենք Ադրբեջանի սև ցուցակը, այնքան արագ կհասնենք ԼՂ խնդրի կարգավորմանը. Թևան Պողոսյան

3 րոպեի ընթերցում

Որքան արագ մեծացնենք Ադրբեջանի սև ցուցակը, այնքան արագ կհասնենք ԼՂ խնդրի կարգավորմանը. Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախն արդեն թևակոխել է պետականաշինության փուլ, և այժմ ձեռնարկվող քայլերը նպաստում են հայկական երկրորդ պետության միջազգային ճանաչմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: Շնորհավորելով Արցախի անկախության օրվա առթիվ՝ պատգամավորը նշեց, որ չնայած բոլոր սոցիալ-տնտեսական և անվտանգության խնդիրներին, Արցախն այս տարիների ընթացքում հաջողություններ է գրանցել, որոնք կարող են նպաստել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը:

«Հայկական անվտանգությունը սկսում է Արցախից, ավելին՝ այն նաև եվրոպական քաղաքակրթության առաջնագիծն է: ԼՂ հիմնախնդրի լուծումը հնարավոր կդառնա, երբ արցախցիները և միջազգային հանրությունը գան այն ընդհանուր համոզման, որ առանց Արցախում խաղաղության հաստատման, հնարավոր չէ խաղաղություն հաստատել ողջ տարածաշրջանում»,- ասաց Պողոսյանը՝ նկատելով, որ դրա համար անհրաժեշտ է կառուցել կայուն և հզոր տնտեսություն, բանակ և ժողովրդավարություն:

Արցախի Հանրապետությունում զարգանում է գյուղատնտեսությունը, ներգնա և արտագնա զբոսաշրջությունը, ավելանում են ներդրումները, երկիրը մասնակցում է միջազգային գիտական ցուցահանդեսներ: Մասնագիտության բերումով Արցախ են այցելում դիվանագետներ, միջազգային առույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև մշակույթի մեծանուն գործիչներ:

«Որքան արագ մեծացնենք Ադրբեջանի սև ցուցակը, այնքան արագ կարող ենք հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը»,- նման կարծիք հայտնեց պատգամավորը:

1991-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Այդ օրենքի առանցքը ԽՍՀՄ կազմից դուրս գալու հանրաքվեի գաղափարն էր: Եթե միութենական հանրապետությունը ցանկանում է դուրս գալ ԽՍՀՄ կազմից, ինչը թույլատրում էր սահմանադրության 72-րդ հոդվածը, ապա ընթացակարգը հանրաքվեն է` ժողովրդական քվեարկությունը: Այսպիսով, Արցախն իր անկախությունը հռչակեց դե յուրե գոյություն ունեցող Խորհրդային Միության օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ չխախտելով որևէ օրենք և ընթացակարգ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում