Կարծիքներ

Թուրքիայում տիրող իրավիճակը նախագահ Էրդողանի գործունեության արդյունքն է. Ռուբեն Սաֆրաստյան

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում տիրող իրավիճակը նախագահ Էրդողանի գործունեության արդյունքն է. Ռուբեն Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անկանխատեսելի բնավորությունը և փառասիրությունն իրենց դրոշմն են թողնում Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության վրա: Ուստի այդ երկրում տիրող իրավիճակը նախագահ Էրդողանի գործունեության արդյունքն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Թուրքիայում տիրող իրավիճակին նման գնահատական տվեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ստեղծված իրավիճակը նոր երևույթ է Թուրքիայի համար: Մի կողմից՝ երկրի ներքաղաքական դրությունը հայտնվել է ճգնաժամի մեջ, մյուս կողմից՝ արտաքին քաղաքականությում Թուրքիան գնալով մխրճվում է մերձավորարևելյան խնդիրների մեջ, որը վտանգավոր է այդ երկրի համար: Էրդողանի և նրա թիմակիցների քաղաքականության նպատակ է Թուրքիան դարձնել Մերձավոր արևելքի առաջատար քաղաքական ուժը, որի համար այդ երկիրը չունի անհրաժեշտ ռեսուրսներ»,- պարզաբանեց Սաֆրաստյանը: Թուրքագետի խոսքով՝ մեր հարևան երկիրն ունի նաև բազմաթիվ խնդիրներ իր հարևանների հետ, իսկ երկրի տնտեսությունը վերջին երկու տարում կանգնած է նույն տեղում:

«Եթե նախկինում Թուրքիան տարեկան ապահովում էր 8 տոկոս աճ, ապա այս տարի սպասվում է ընդամենը երկու տոկոս: Ներքին տնտեսական վիճակն անդրադառնում է նաև քաղաքացիների կենսամակարդակի վրա»,- նշեց նա: Քրդական հարցի վերաբերյալ արևելագետն ընդգծեց, որ չի ակնկալում խնդրի քաղաքակիրթ լուծում: «Պատմական փորձը ցույց է տալիս, թուրքերը չեն կարողանում խաղաղ ճանապարհով լուծել ազգային հարցերը և դիմում են բռնի ուժի: Հայոց ցեղասպանությունը դրա վառ ապացույցն է»,- նկատեց գիտնականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում