Ճամբարակի և Կապանի վերանորոգված ժամանակակից ԲԿ-ները շահագործման կհանձնվեն աշնանը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներից է Ճամբարակի բժշկական կենտրոնի վերակառուցումը, որն աշխատանքների ավարտից հետո շահագործման կհանձնվի 2015 թվականի հոկտեմբերին, մինչև տարեվերջ իր դռները կբացի նաև Մեղրիի նորակառույց բժշկական կենտրոնը, որը ՀՀ անկախությունից ի վեր ամբողջովին նորովի կառուցված երկրորդ բժշկական կենտրոնն է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց և առողջապահական ոլորտում նոր զարգացումների մասին խոսեց ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը։

-Պարոն Զուլոյան, երկու օր առաջ մեկնարկեցին Բյուրական համայնքի նոր բժշկական ամբուլատորիայի կառուցման աշխատանքները։ Ինչպե՞ս են ընթանում առողջապահական կենտրոնների շինարարական աշխատանքները հանրապետության տարածքում և ի՞նչ նոր կառույցներ իրենց դռները կբացեն հանրության առջև այս տարի։

-Հոկտեմբերին մենք նախատեսում ենք շահագործման հանձնել Կապանի բժշկական կենտրոնը, որն ունի 115 մահճակալ և Ճամբարակի բժշկական կենտրոնը՝ մոտ 30 մահճակալով։ Տարեվերջին շահագործման կհանձնվի Մեղրիի նորակառույց բժշկական կենտրոնը՝ 45 մահճակալով։ Բացի այդ, նախատեսվում է մինչև 2016 թվականի հուլիս-օգոստոս ավարտին հասցնել Երևանի արյունաբանական կենտրոնի շինարարությունը։ Արյունաբանական նոր կենտրոնում պետք է տեղակայվի ոսկրածուծի փոխպատվաստման տարածաշրջանում առաջին ծառայությունը երեխաների և մեծահասակերի համար։ Ինչպես նաև ընթանում են նախագծանախահաշվային աշխատանքներ Սևանի և Արտաշատի բժշկական կենտրոնների կառուցման ուղղությամբ։ Այս պահին միայն Վայոց ձորում է, որ երկրորդային` հիվանդանոցային օղակում ներդրում չի արվել։ Սակայն մենք նոր ծրագիր ենք մշակել և նախատեսում են` ներկայացնել Համաշխարհային բանկի հաստատմանը։

-2015թ. հունվարից նախարարությունը մեկնարկել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագիրը, որի նպատակն է զանգվածային սկրինինգների միջոցով հայտանբերել և վերահսկել բնակչության ռիսկային խմբերում հիպերտոնիայի, շաքարային դիաբետի, արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերը։ Ի՞նչ արդյունքներ եք արձանագրել այս ընթացքում։

-Սկրինինգային ծրագրի շրջանակում արդեն կատարվել է շուրջ 300 հազար հետազոտություն: Առաջին վեց ամսվա ընթացքում 35-68 տարեկան անձանց շրջանում իրականացվել է 143 հազար քաղաքացու զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ և շուրջ 98 հազար քաղաքացու մոտ որոշվել է արյան մեջ գլյուկոզի մակարդակը: Նույն ժամանակահատվածում 30-60 տարեկան շուրջ 19 հազար հինգ հարյուր կին մասնակցել է արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված սկրինինգային հետազոտությանը (ՊԱՊ թեստ): Իսկ հուլիսին իրականացվել է 5605 ՊԱՊ թեստի հետազոտություն, շուրջ 17 հազար քաղաքացու մոտ իրականացվել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ և շուրջ 15120 քաղաքացու մոտ որոշվել է արյան մեջ գլուկոզի մակարդակը:

Նախնական տվյալներով՝ ՊԱՊ թեստի հետազոտություն անցած անձանց 7 տոկսի մոտ արձանագրվել են նորմայից շեղումներ։ Դա չի նշանակում, որ դա քաղցկեղ է։ Այդ կանայք ուղեգրվել են մասնագետների մոտ և նրանցից 1 տոկոսի մոտ է միայն հայտնաբերվել նախաքաղցկեղային վիճակ։ Արգանդի պարանոցի քաղցկեղը միակ քաղցկեղն է, որ հնարավոր է 100 տոկոսով բուժել վաղ հայտնաբերման դեպքում։

Շաքարային դիաբետի համար հետազոտված անձանցից 9 տոկոսի մոտ է հայտնաբերվել նորմայից շեղում, զարկերակային գերճնշման դեպքում շեղումներ նկատվել են 12.5 տոկոսի մոտ։ Պետք է նշեմ, որ զուգահեռ Երևանում և մարզերում իրականացվում են ծրագրի հանրային իրազեկման քարոզարշավ զանգվածային լրատվամիջոցների միջոցով:

-Պարոն Զուլոյան, վերջին շրջանում՝ հատկապես մի շարք դժբախտ դեպքերից հետո, շատ է քննարկվում բժշկական սխալից հիվանդների ապահովագրվածության հարցը։ Ձեր գնահատմամբ, որքանո՞վ է այսօր կարգավորված այդ դաշտը, և արդյո՞ք պաշտպանված են հիվանդների և բժիշկների իրավունքները։

-Իմ կարծիքով, օրենսդրական դաշտն այդ առումով թերի է, և մեր բժիշկներն ու պացիենտները լիովին պաշտպանված չեն։ Եվ, իհարկե, քայլեր են ձեռնարկվում օրեսնդրական կարգավորումները մշակելու ուղղությամբ։ Սակայն ես ցանկանում եմ հանրության ուշադրությունը հրավիրել առողջապահական ոլորտի և բժիշկների դեմ ուղղված անհիմն մեղադրանքների և վարկաբեկման փորձերի վրա։ Մենք ունենք բազմաթիվ բարեխիղճ բժիշկներ, ովքեր ամենօրյա տքնաջան աշխատանքով կատարում են իրենց պարտականությունները։ Անհրաժեշտ է վերականգնել առողջապահության համակարգի և հասարակության կապը, և լրագրողների դերն այս գործընթացում առանցքային է: Իմ առաջարկն է լրագրողների համար ճանաչողական այցեր կազմակերպել և բուժաշխատողների ամենօրյա աշխատանքը ներկայացնել տեղում` ժամանակակից չափանիշներին համապատասխան արդիականացված բուժհաստատություններում։

Խնդրին լուծում տալու համար անհրաժեշտ է առողջապահական բոլոր օղակներում ներդրնել նաև բժշկական չափորոշիչներ, բուժման հստակ ուղեցույցներ։ Նման ստանդարտների մշակումը և ընդունումը չափազանց աշխատատար և ծախսատար գործընթաց է, որի իրականացումը նաև բավականաչափ ժամանակ կպահանջի:

Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարությունը նախաձեռնել է բժշկական չափորոշիչների փուլ առ փուլ մշակման գործընթացը: 2012 թվականից սկսած` ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից սկսվել է բժշկական ստանդարտների մշակման և ներդրման գործընթացը: ՀՀ-ում արդեն կան մասնագիտություններ, որոնք բավականին չափագրված են։

Հարցազրույցը` Սյունե Բարսեղյանի

Հայերեն English Русский

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում