Սփյուռք

«100 LIVES»-ի համահիմնադիրները Բան Կի Մունին առաջարկել են միանալ «Ավրորա»-ի թեկնածուների առաջադրմանը

4 րոպեի ընթերցում

«100 LIVES»-ի համահիմնադիրները Բան Կի Մունին առաջարկել են միանալ «Ավրորա»-ի թեկնածուների առաջադրմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «100 LIVES» նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը եւ Վարդան Գրեգորյանը բաց նամակով դիմել են Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունին՝ միանալով ՄԱԿ-ի`Մարդասիրության համաշխարհային օրվա կապակցությամբ մեկնարկած քարոզարշավին:

«Երեքիս համար այս օրվա խորհուրդը խիստ անձնական է։ Որպես հայ` մենք անչափ շնորհակալ ենք այն անհատներին, ում հերոսական գործողությունները կյանքեր են փրկել Հայոց ցեղասպանության ժամանակ։ Նրանց, ինչպես և ՄԱԿ-ի Հատուկ ներկայացուցիչ Սերխիո Վիեիրա դե Մելոյի խիզախ ժառանգությունը հրաշալի խթան է հանդիսացել շատերի համար՝ մարդասիրության ոլորտում աշխատելու և ոգեշնչել է մեզ՝ ճանաչելու այն զոհողությունները, որոնց շատերը դիմել են՝ կյանքեր փրկելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նամակում գրել են 100 LIVES»-ի համահիմնադիրները:

Նրանք պատմել են, որ նախաձեռնությունը հիմադրել են պարտականության ու գնահատանքի խորը զգացումից ելնելով՝ հիշելու ու արժանին մատուցելու համար այն անհատներին, որոնց անձնուրաց գործողությունները կյանքեր փրկեցին 100 տարի առաջ.«Այս նախաձեռնությունը ձգտում է փոխանցել թե՛ փրկողների, և թե՛ փրկվածների ուշագրավ պատմություններն, ինչպես նաև արժանին մատուցել մարդկային ոգու տոկունությանը։ Որպես նախաձեռնության մաս՝ մենք ստեղծել ենք համաշխարհային նոր՝ Մարդկության զարթոնքի «Ավրորա» մրցանակը, որը յուրաքանչյուր տարի կշնորհվի այն մարդասերներին, ովքեր իրենց կյանքը վտանգի են ենթարկել՝ ուրիշներին գոյատևելու ու բարգավաճելու հնարավորություն ընձեռելու համար։ Մրցանակակիրը կստանա 100 000 ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգև, ինչպես նաև 1 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ կտրվի այն բարեգործական կազմակերպությանը, որը ոգեշնչել է նրան կատարել այդ արարքը»:

Նրանք շեշտել են, որ Ավրորա» մրցանակի միջոցով նախաձեռնությունը նույն գործն է իրականացնում, ինչ Մարդասիրության համաշխարհային օրվան նվիրված ՄԱԿ-ի քարոզարշավը, որը լույս է սփռում ամբողջ աշխարհի մարդասիրական արարքների վրա և ներկայացնում Մարդասիրության անվեհեր հերոսներին։ « Մենք ցանկանում ենք ճանաչման արժանացնել այն անհատներին, ովքեր ամբողջ աշխարհում կյանքեր փրկելու քայլեր են ձեռնարկել, հաճախ՝ դժվարին ու վտանգավոր պայմաններում։ Մենք հրավիրում ենք հանրությանը www.100Lives.com/Prize առցանց պորտալի միջոցով մասնակցելու խրախուսանքի արժանի թեկնածությունների առաջադրման գործընթացին։ Հուսով ենք, որ Դուք կմիանաք մեզ՝ առաջադրված թեկնածուներին ներկայացնելու ընթացքում, որպեսզի մեր օրերի փրկարարներն այնպիսի գնահատանքի արժանանան, որը կմղի նրանց հետագա փայլուն գործունեության։ Սա միայն կբարձրացնի հանրային գիտակցության մակարդակն այն խնդիրների նկատմամբ, որոնց հետ Դուք բախվում եք ամեն օր, ինչպես նաև հնարավորություն կընձեռի տեղեկանալ այն անձանց գործունեության մասին, ովքեր այսօր ամբողջ աշխարհում ամենախոցելի մարդկանց հետ են աշխատում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում