ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հիմնարար փոփոխությունների նախագիծ է, որտեղ առկա է մոդելի փոփոխություն: Տեսակետը ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Կարինե Աճեմյանինն է: Պատգամավորը համոզված է, որ երկրի գլխավոր փաստաթղթի նոր տարբերակը համակարգային եւ կառավարման ձևի փոփոխություն է բերելու:
«Այս փոփոխություններով քաղաքական դաշտը կարող է առողջանալ»,- վստահ է Աճեմյանը:
Նախկին գործընկերոջ տեսակետը չի կիսում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Թեպետ քաղաքագետը երբեք կողմ չի եղել կիսանախագահական համակարգին, սակայն Սահմանադրության նոր նախագիծն էլ չի ընդունում, քանի որ բազմաթիվ խնդիրներին պատասխանն այդպես էլ չի տրվում:
«Մի շարք խնդիրներ ունի ներկայիս Սահմանադրությունը: Օրինակ, դատական իշխանությունը գործադիրից և Հանրապետության նախագահից կախման մեջ է, և այս խնդիրը Սահմանադրության նոր նախագծով չի լուծվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ստյոպա Սաֆարյանը` հավելելով, որ իր ներկայացրած կառույցը առաջարկություններ կներկայացնի մասնագիտական հանձնաժողովին և քննարկումներ կունենա սահմանադրական փոփոխությունների շուրջ: