Սփյուռք

Սիսի կաթողիկոսարանում հնչել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պահանջատիրական ձայնը

3 րոպեի ընթերցում

Սիսի կաթողիկոսարանում հնչել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պահանջատիրական ձայնը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի օրհնությամբ Կաթողիկոսության միաբանությունը ներկայացնող պատվիրակություն է մեկնել Սիսի կաթողիկոսարան օգոստոսի 22-ին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մեծի Տանն Կիլիկիոյկաթողիկոսությունից, Սիսում կատարվել է հոգեհանգստի կարգ 1293-ից` Հայոց Կաթողիկոսությունը Սիսում հաստատելուց մինչեւ 1915 թվական` Սիսում գահակալած երջանկահիշատակ հայրապետների հոգիների համար: Այնուհետև կարդացվել է Արամ Ա-ի պատգամը. 100 տարի հետո Սիսի կաթողիկոսարանի փլատակներում առաջին անգամ հնչել է Հայրապետական պատգամ` ուղղված հայ ժողովրդին: Իր հայրապետական պատգամում Նորին Սրբությունը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու այդ պայմաններում Սահակ Կաթողիկոսի աքսորին, հիշել է հայ ժողովրդի իրավունքները պահանջող ծերունազարդ Հայրապետի քաջ կեցվածքը: Արամ Ա Կաթողիկոսը վերահաստատել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հանձնառությունը` որպես Սիսի կաթողիկոսարանի և հայ ժողովրդի արդար իրավունքների պահանջատեր:

«Հայի քրտինքով ու արյունով թրծված կիլիկյան հողում և հատկապես Սիսի պատմական կաթողիկոսարանի մյուռոնաբույր հողի վրա կանգնած` մեր դարավոր կաթողիկոսարանի վերադարձն ենք պահանջում և մեր ժողովրդի պահանջատիրությունը վերահաստատում` հավատարիմ նահատակների սրբազան կտակին»,-ասված է եղել Վեհափառի պատգամում:

Սիսի Կաթողիկոսարան մեկնած միաբանական պատվիրակության կազմում են եղել Կիպրոսի Հայոց Առաջնորդ Գերշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը, Միջեկեղեցական հարաբերությունների վարիչ Գերապատվելի Տ. Յուսիկ այրագույն վարդապետ Մարտիրոսյանը, Դպրեվանքի տեսուչ Հոգշնորհ Տ. Թորգոմ վարդապետ Տոնոյանը եւ Լսատեսողական բաժանմունքի վարիչ Հոգշնորհ Տ. Պետրոս վարդապետ Մանուելյանը:

Սիսի հայոց կաթողիկոսարանի վերադարձը պահանջելու և Թուրքիայի ՍԴ դիմելու մտադրության մասին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն առաջին անգամ հայտարարել է «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի բացմանը: Հետագայում կաթողիկոսն իր հարցազրույցներում եւ հայտարարություններում բազմիցս նշել է, որ իրենց վերջնական նպատակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հարցի բարձրացումն է, քանի որ վստահ են, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը կմերժի հայցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում