Էրդողանը ցանկանում է նոր ընտրությունների միջոցով երկիրը տանել նախագահական համակարգի. թուրքագետ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները որեւէ վտանգ չեն ներկայացնում այնտեղ ապրող հայության համար, սակայն դրանք վտանգավոր են Թուրքիայի եւ այդ երկրի ապագայի համար: Թուրքիան վերածվել է մի պետության, որի ռազմաօդային ուժերը հարձակումներ են գործում հենց տարածքի ներսում:
«Սովորաբար երկրի ռազմաօդային ուժերը կրակում են սահմանից դուրս, բայց Թուրքիան այնքան «բացառիկ» պետություն է, որ իր երկրի քաղաքացիների դեմ է օգտագործում իր բանակը, գյուղերում հրդեհներ առաջացնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց թուրքագետը` հավելելով, որ այժմ Էրդողանի գերխնդիրը մինչեւ օգոստոսի 23-ը նոր կառավարություն չձեւավորելն ու նոր ընտրություններ կազմակերպելն է:
«Հունիսի 7-ին ընտրություններ են եղել, բայց կառավարությունը դեռ չի կազմվել, եւ որեւէ հիմք էլ չկա, որ կկազմվի: Օգոստոսի 23-ին Դավութօղլուն պետք է հանձնարարականը հետ հանձնի նախագահ Էրդողանին: Ինձ թվում է՝ Էրդողանը դիտավորյալ ձգձգում է բանակցություններն այլ կուսակցությունների հետ, որպեսզի կառավարություն, հատկապես ամուր, հանկարծ չկազմվի: «Ազգայնական շարժում» կուսակցությունը 150 տեղանոց խորհրդարանում 80 պատգամավոր ունի, կարող են համաձայնության գալ եւ մի քանի ամիս հետո նշանակեն նոր ընտրություններ: Կամ էլ Էրդողանի կուսակցությունը կկազմի փոքրամասնության կառավարություն: Նրանց պետք է Ազգայնական կուսակցության պատգամավորները աջակցեն, որ կազմեն կառավարություն, բայց իշխանությունը ոչ մի կերպ չի ուզում զիջել միանձնյա իշխանությունը: Փոխվարչապետը հստակ հայտարարեց, որ մեզ վայել չի կոալիցիոն կառավարություն կազմել, մենք միանձնյա պետք է իշխանության ղեկին լինենք: Բայց ընտրությունների արդյունքներն այդ հնարավորությունը չեն տալիս: Արդեն 2 ամիս է անցել, երկրի առաջ բարդ խնդիրներ են ծառացել ներսում եւ դրսում: Դավութօղլուի կառավարությունը, որը լիազորությունները վայր է դրել, ճակատագրական որոշումներ է ընդունում՝ լինելով պաշտոնակատար»,- ասաց Չաքրյանը` հավելելով, որ այս առումով շատ ավելի բարդ վիճակում է հայտնվելու Դավութօղլուն, քանի որ նոր ընտրություններ նշանակելով՝ Էրդողանը ցանկանում է հասնել նախագահական համակարգի, որտեղ ամբողջությամբ կորում է վարչապետի դերակատարությունը:
«Արմենպրես»-ի հարցին՝ արդյոք Դեմիրթաշի դեմ քրեական գործի հարուցումն էլ նպատակ ուներ նոր ընտրություններից առաջ հեռու պահել ընդդիմադիր գործչին ընտրական գործընթացներից՝ Հակոբ Չաքրյանը պատասխանեց, որ քրեական գործը նպատակ ուներ հնարավորինս ջլատել եւ զրկել Դեմիրթաշին քարոզարշավ ծավալելու հնարավորությունից, որովհետեւ շատ սուր է խոսում եւ իրենից վտանգ է ներկայացնում: Միաժամանակ, Չաքրյանը շեշտում է, որ Էրդողանի վարկանիշը խիստ ընկել է եւ հավանականությունը, որ նա այս անգամ ավելի շատ ձայն կհավաքի, մեծ չէ: