Հասարակական

Շիրակում որոշ դպրոցներին կից բացվել են բակային ճամբարներ

2 րոպեի ընթերցում

Շիրակում որոշ դպրոցներին կից բացվել են բակային ճամբարներ

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակցի դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի նախաձեռնությամբ ամռան ամիսներին մարզի որոշ դպրոցներին կից բացվել են բակային ճամբարներ: Ճամաբար հաճախելու հնարավորություն ունեն ոչ միայն տվյալ դպրոցների աշակերտները, այլ նաև հարակից թաղամասերի երեխաները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գևորոգ Ղումաշյանը, որպես պարտադիր պայման բոլոր դպրոց-ճամբարները պետք է իրականացնեն ռազմահայրենասիրական ծրագրեր: Ի դեպ, այս ընթացքը տվյալ բակային ճամբարներ ունեցող դպրոցների համար գերազանց հնարավորություն է «գովազդելու» իրենց դպրոցները: Ըստ պատասխանատուի՝ առաջին դասարանցի երեխաների հոսքն արդեն նկատվում է հենց այս դպրոցներում:

Նշենք, որ կրթության բաժինը ճամբար բացելու հնարավորություն էր տվել այն դպրոցներին, որոնք ցանկությունից բացի, ներկայացրել էին հայրենասիրական և ռազմահայրենասիրական դաստիարկությանն ուղղված ծրագրեր: Գյումրիում բակային ճամբարներ գործում են թիվ 10, 19, 30, հիմնական դպրոցներում: Նմանատիպ բակային ճամբարներ բացվել են նաև մարզի Աշոցք, Գառնալիճ և Թավշուտ համայնքներում: ՄԱԿ-ի պարենի «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում բակային ճամբար բացելու հնարավորություն տրվել է նաև Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնին և Հայորդաց տանը: Ճամբարներում առօրյան սկսվում է տողանով, մարմնամարզությամբ, ապա տարբեր խմբակներ, զրույցներ, սպորտլանդիաներ, ռազմահայրենասիրական դասընթացներ: Օրվա ընթացքում երեխաներին տրամադրվել է սնունդ, ինչը հնարավոր է ՄԱԿ-ի «Դպրոցական սնունդ» ծրագրի շնորհիվ: «Այս ընթացքում ամենակարևորն այն է, որ երեխաները կապը դպրոցի հետ պահպանում են, կտրվում համակարգչային «ոչ իրական աշխարհից» նոր ընկերներ են ձեռք բերում, խաղում բակային խաղեր, կա նաև անուղղակի ուսումնական պրոցես՝ խմբակների տեսքով»,-ավելացրեց կրթության բաժնի պետը:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում